ԵԱՏՄ-ում 2024 թ. առաջին եռամսյակում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5 %։ Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Նովոսիբիրսկում ելույթ ունենալով «Արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ» խորհրդաժողովում։
«ԵԱՏՄ-ում 2023 թվականի տնտեսական ցուցանիշները կայունորեն աճում են: Այսպես, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3,8 %, ինչը բարձր է համաշխարհային համախառն ներքին արդյունքից․ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ այն կազմել է 3,2 %: Մենք տեսնում ենք, որ այդ դինամիկան պահպանվում է նաև այս տարի։ 2024 թվականի հունվար-մարտին ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է 5,3 %-ով», – ասել է Վոլվաչը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն աճել է ևս 14 %-ով, Ղրղզստանինը` 9 %-ով, Բելառուսինը` ավելի քան 4 %-ով, Ղազախստանինը` գրեթե 4 %-ով:
«Ռուսաստանում այս տարվա առաջին եռամսյակում մենք տեսնում ենք տնտեսության շարունակական աճ՝ 5,4 %-ով», – նշել է Վոլվաչը: