«Ադրբեջանը կամ Հայաստանը ինքնուրույն կերպով չեն կարող կայացնել տարածաշրջանում պատերազմ սկսելու որոշումներ». Ժիրայր Սեֆիլյան
Վերջին օրերին մամուլում ահազանգեր հնչեցին, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն, մասնավորապես` զինուժի կուտակումներ են նկատվում: Թեմայի վերաբերյալ galatv.am-ը զրուցել է «Շուշի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ:
– Պարոն Սեֆիլյան, ինչո՞վ են պայմանավորված զինուժի կուտակումների մասին տեղեկությունները: Արդյո՞ք սա պարերազմի վերսկսման սպառնալիք է:
– Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը կամ Հայաստանը ինքնուրույն կերպով չեն կարող կայացնել տարածաշրջանում պատերազմ սկսելու որոշումներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պարբերաբար փորձում է ստուգել հայկական կողմի պաշտպանունակությունը: Երբ նա համոզվի, որ կկարողանա հաղթել հայկական կողմին, կսկսի իրական քայլեր կատարել` պատերազմը վերսկսելու հնարավորություն ստանալու ուղղությամբ: Առայժմ տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի կողմից պատերազմը վերսկսելու քայլեր չեն արձանագրվում, իսկ հայկական կողմը դեռ բավարար ուժ ունի ադրբեջանական կողմի հարձակումը կասեցնելու և նրան պարտության մատնելու համար:
Սակայն Հայաստանի (Արցախը` ներառյալ) և Ադրբեջանի ընդհանուր պաշտպանական հզորությունների հարաբերակցությունը տարեցտարի փոփոխվում է հօգուտ ադրբեջանական կողմի, իսկ նշածս արտաքին ուժերը կարող են վերանայել իրենց մոտեցումները: Ադրբեջանի և Հայաստանի ուժերի հարաբերակցության նման փոփոխությունը հետևանք է ինչպես Ադրբեջանի ակտիվ սպառազինման, այնպես էլ Հայաստանի բնակչության զանգվածային արտագաղթի ու սահմանամերձ բնակավայրերի դատարկման, տնտեսության քայքայման, օրենքի և արդարության բացակայության, կյանքի ու արժանապատվության անապահովության և երկրում տիրող համակարգային ճգնաժամի այլ դրսևորումների:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել օրինաչափության աստիճանի հասնող մի երևույթի մասին ևս: Հայաստանի ապազգային վարչախմբի վերարտադրության բոլոր փուլերում, երբ նրա համար որոշակի դժվարություններ են առաջանում, ադրբեջանական կողմն ակտիվանում է, իսկ հայկական պաշտոնական շրջանակներն էլ սկսում են կիրառել ռազմաշունչ հռետորաբանություն և տեղեկատվական հնարքներ՝ փորձելով ժողովրդին շեղել բուն նպատակից: Նույն պատկերն է նաև ադրբեջանական կողմում: Ակամայից այնպիսի տպավորություն է առաջանում, որ այս երկու հակաժողովրդական վարչախմբերը միմյանց աջակցում են իրենց ապօրինի վերարտադրության ապահովման նպատակով:
– Համապատասխան ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնի հայկական կողմը:
– Ելքը շատ պարզ է: Հայկական կողմը պետք է հզորանա, դառնա իրական ինքնիշխան պետություն և դուրս գա տարածաշրջանային դերակատարների ուղիղ ազդեցությունից ու հայանպաստ կերպով լուծի Արցախի հարցը, այն է՝ ավարտին հասցնի Հայաստանին նրա վերամիավորումը: Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Հայաստանում (Արցախը` ներառյալ) ու արտերկրում ապրող հայությունը համախմբվի նման որակի պետություն ստեղծելու գաղափարի շուրջ և իրականություն դարձնի այդ գաղափարը: Հայկական կողմի պաշտպանունակությունը այսուհետ ևս շարունակելու է թուլանալ, քանի դեռ Հայաստանը գտնվում է նորգաղութային վիճակում և նրա կառավարման համակարգն ու դրա առանցքը կազմող վարչախումբը կեղեքում են մեր երկիրն ու ժողովրդին` հօգուտ արտաքին տերերի ու իրենց շահերի: Դեպքերի այսպիսի զարգացումը կարող է հանգեցնել ոչ միայն հայկական պետականության կորստի, այլև հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացման:
Հարկ է նկատի ունենալ, որ վարչախումբն իր հոժար կամքով չի հեռանա: Նրա ներկայացուցիչները այնքան խորն են թաղվել օտար տերերի նկատմամբ պատավորությունների և իրենց երկրի ու ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների ճահճի մեջ, որ միայն ժողովրդի պարտադրանքով են զիջելու: Համակարգի ներսում որևէ կերպ, այդ թվում՝ այսպես կոչված ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել այդ նպատակին: Ուստի մենք պետք է օր առաջ ինքնակազմակերպվենք և առկա համակարգն արհամարհելով ու մերժելով՝ նրա կողքին ստեղծենք զուգահեռաբար գործող կառավարման մարմիններ, որոնք պետք է գործեն ցանցային սկզբունքով` ինքնակազմակերպված ժողովրդական հենքի վրա: Այդ մարմինները սկզբում կլինեն սաղմնային վիճակում և լեգիտիմ չեն լինի, բայց ընթացքում հետզհետե ձեռք կբերեն բավարար լեգիտիմություն ու անհաղթահարելի ուժ, որից հետո գործող վարչախմբին կստիպեն հեռանալ և կգրավեն իր դարն ապրած համակարգի տեղը:
Բոլորիդ հայտնի Նախախորհրդարանն ստեղծվել է այս գործընթացը նախապատրաստելու և դրա մեկնարկն ապահովելու համար: 2013 թ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ դրսևորված հուժկու ժողովրդական ընդվզումը, հատկապես առաջարկվող գործընթացը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ընդունելու և գլխավորելու պարագայում, էապես կարագացնի նոր որակի հայկական պետության ստեղծումը: Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ պարոն Հովհաննիսյանն այլ ճանապարհ ընտրի, միևնույն է, հայությունն այս եղանակով է կերտելու իր ապագան, որովհետև սա է ժամանակի հրամայականը: Ժողովուրդն արդեն գիտակցել է նոր որակի պետության և նոր կարգի կենսական անհրաժեշտությունը: Պահը հասունացած է, ուստի, անկախ այս գործընթացի զարգացման որոշակի արագ կամ դանդաղ տեմպերից, վարչախումբն ու իր պարագլուխը ևս հինգ տարի չեն իշխելու: Նրանք դատապարտված են պարտության, իսկ ժողովուրդը՝ հաղթանակի:



