Հովիկ Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ խնամուն՝ Ծառուկյանին առնչվող հարցերին. մամուլ
«Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների՝ ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.
«Երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սարգսյանի երդմնակալության հարցը, Աժ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անպայման ներկա է լինելու նիստին:
Սակայն Ս. Սարգսյանը խիստ տոնով ընդհատել է Աբրահամյանին՝ նշելով, որ դա իրեն քիչ է հետաքրքրում, և, ընդհանրապես, վերջին ժամանակներս Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ խնամուն՝ Ծառուկյանին առնչվող հարցերին:
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ առաջնորդը՝ որպես Աժ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել երդմնակալությանը: Իսկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այս պահին այդ մասին որևէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում: Ծառուկյանը երկրում չէր, և նրա անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»»: