Մինչև Փաշինյանի իշխանության գալը՝ ո՞ւմ մոտ կարող էր առաջանալ Հայաստանի լինել-չլինելու հարցը
Ուղիղ վեց տարի առաջ այս օրերին, երբ երկիրը պարալիզացնելով, ճանապարհները համատարած փակելով ու արտաքին աշխարհից կտրելով, Հայաստանն առանց վարչապետ թողնելու սպառնալիքով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, շատերը՝ ներսում ու դրսում, հավատալով նրա ստերին, ցնծում էին։ Կարծում էին՝ Նիկոլ Փաշինյանը գալու է իշխանության, ու Հայաստանը ծաղկելու է։ Այլևս չեն լինելու անարդարություններ, կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն։ Բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, չեն լինելու արտոնյալներ, պետական ապարատը զերծ է մնալու ծանոթ-բարեկամներից, բյուջեի փողերը չեն գողանալու ու լցնեն սեփական գրպանները։
Ժողովուրդը լինելու է իշխանության տերն ու տնօրենը, առանց նրա ոչ մի հարց չի լուծվելու։
Ապրելու են ազատ ու ապահով, անվտանգ Հայաստանում, գոհ ու երջանիկ։
Թե ժողովրդի հույսերը որքանով են արդարացել, վկայում են այն համատարած, առավել ևս՝ գոյաբանական խնդիրները, որոնց առաջ կանգնած է երկիրը։
Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն ո՞ւմ մոտ կարող էր Հայաստանի լինել-չլինելու հարց առաջանալ։
Ո՞վ կարող էր մտածել, որ կանգնելու ենք պետականությունը կորցնելու խնդրի առաջ, որ իշխանությունների գործուն ջանքերով՝ Արցախը ոչ միայն դադարելու է գոյություն ունենալ, այլև հայաթափվելու է։ Ոչ միայն Արցախն է հայաթափվելու, նաև Հայաստանն է դատարկվելու։ Անվանգային բոլոր համակարգերը, որոնք տասնյակ տարիներ ստեղծվել էին ու գործում էին, դադարելու են լինել։ Թշնամին վերցնելու է Արցախը, մտնելու է Հայաստանից ներս ու թելադրելու է իր պայմանները, տարածքներ ու գյուղեր է պահանջելու և իշխանության հավանությամբ ու միջնորդությամբ, առանց խոչընդոտների, ստանալու է։
Ո՞վ կմտածեր, որ Հայաստանի իշխանությունները պատմական անցյալն են պատրաստ մոռանալ, Ցեղասպանությունն են ուրանալու, Արարատից են հրաժարվելու։ Թշնամու պահանջով պատրաստ են Սահմանադրություն փոխել, հանել այն ամենը, ինչ ազգային է ու պատմական։
Երկրի ղեկավարը կասկածի տակ է դնում երկրի ապագան։ Ազգային ժողովի ընտարությունների ժամանակ հայտարարում էին, թե Հայաստանում ապագա կա, այսօր ասում են՝ եթե չկատարենք թշնամու պահանջները՝ մի քանի տարուց Հայաստանը կարող է գոյություն չունենալ, կորցնել իր ինքնիշխանությունն ու անկախությունը։
Մինչև Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ վեց տարի հետո Հայաստանը նման խնդրի առաջ է կանգնելու։ Այն էլ, այդքան արհավիրքներից ու կորուստներից հետո։
Մի ամբողջ երիտասարդ սերունդ զոհեցին՝ իրենց արկածախնդրության պատճառով, հազարավոր ընտանիքներ որբացրին, որպեսզի ոչ միայն Արցախը ճանաչեին Ադրբեջանի մասը, այլև Հայաստանի տարածքներն անարգել հանձնեին թշնամուն։ Միակողմանիրորեն զիջում են տարածքներն ու գյուղերը, մի բան էլ մեղադրում ու պախարակում են նրանց, ովքեր դժգոհում են, փորձում են դիմադրել, պայքարել։
Երկիրը վերածել են ոստիկանական պետության։ Դաժանորեն ճնշում են ընդվզման ցանկացած փորձ։
Մարդիկ պայքարում են իրենց տներն ու հողերը թշնամուն հանձնելու դեմ՝ մի ամբողջ ոստիկանական գվարդիա են հանել դեմները՝ սև ու կարմիր բերետավորներով, դիմակավորված ստորաբաժանումներով։ Ո՛չ մեծին են խնայում, ո՛չ փոքրին։ Մեղադրում են մարդկանց, որ պայքարում են իրենց ապրելու իրավունքի համար։ Պատերազմով ու թշնամով են սպառնում։
Մինչև Նիկոլ Փաշինյանը Հայաստանը հաղթանակած պետություն էր, հաշվի էին նստում հետը։ Թշնամին չէր համարձակվում պահանջներ ներկայացնել, առավել ևս՝ թելադրել, արժանի հակահարված էր ստանում, ժողովրդի գլուխը բարձր էր։
Հիմա ամեն քայլափոխի վիրավորում ու նվաստացնում են մեր ազգային արժանապատվությունը, իսկ իշխանությունները՝ գլուխները կախ, լռում են, չեն համարձակվում նույնիսկ կեսբերան հակադարձել, պատասխանել։
Վախեցած են, քիչ է, իրենց վախերը փորձում են փաթաթել ժողովրդին։
Մինչև Նիկոլ Փաշինյանը ո՞վ էր Հայաստանին պարտադրում հրաժարվել պատմական անցյալից, Ցեղասպանությունից ու Արարատից, հիմնից ու գերբից, ո՞վ կարող էր պահանջել Սահմանադրություն փոխել, Սահմանադրությունից հանել Հռչակագիրը։
Այն ամենը, ինչ ժամանակին որևէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, Նիկոլ Փաշինյանը դարձրեց իրականություն։
Վեց տարում հաղթանակած ու հպարտ երկրից Հայաստանը վերածեցին խամաճիկի, ներքաշեցին հզոր պետությունների խարդավանքների մեջ, իսկ հիմա գոյաբանական խնդիրներից են խոսում։ Երկիրը հասցրել են այս վիճակին, դեռ ուրիշներին են մեղադրում։ Կարծում են՝ մարդիկ կույր են, ոչինչ չեն տեսնում ու հասկանում։
Վեց տարի է՝ իշխանության են, իրենց ձախողումների համար, եթե երկիրն այս վիճակին հասցնելը ձախողում կարելի է կոչել, դեռ նախկիններին են մեղադրում։ Նախկիններն են մեղավոր, որ պատերազմ է եղել, նախկիններն են մեղավոր, որ պատերազում պարտվել ենք, նախկիններն են մեղավոր, որ Արցախը հանձնվել է, նախկիններն են մեղավոր, որ թշնամին մտել է Հայաստանի սահմաններից ներս, որ գյուղեր ու տարածքներ է պահանջում։
Եթե նախկիններն են մեղավոր, ինչո՞ւ նախկինների ժամանակ նման բաներ չկային։ Թե՞ սպասում էին՝ գայիք, նոր լիներ։ Եթե ամեն ինչի համար նախկիններն են պատասխանատու ու մեղավոր, ո՞րն է ձեր իշխանության դերն ու առաքելությունը։ Ինչի՞ համար եք եկել ու շարունակում եք մնալ, որպեսզի Հայաստանն էլ հանձնեք, ինչպես Արցախը, ու դնեք նախկինների վրա։
Վեց տարի է՝ երկիրը մղձավանջի մեջ է։ Անկախացումից հետո, երբևէ Հայաստանը այսպիսի նվաստացած վիճակում չէր եղել։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ Ադրբեջանի նախագահը գլխիկոր էր դուրս գալիս Հայաստանի նախագահների հետ հանդիպումներից, խեղճացած ու մտահոգ։ Հիմա հրճվում է։ Եվ այդ հրճվանքը նրան Նիկոլ Փաշինյանն է պարգևել՝ հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման հաշվին։
Իր գոյության վեց տարիների ընթացքում այս իշխանությունը մեծ չարիք է բերել երկրի ու ժողովրդի գլխին։ Դա երբեք ու ոչ մի բանի հետ հնարավոր չէ համեմատել։ Այն ամենը, ինչ նախկինում կարող էր չար կատակ համարվել, դարձրել են իրականություն ու դեռ շարունակում են դարձնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ