Կիրանցի դպրոցի աշակերտները դասադուլ են անում. հնարավոր է՝ դպրոցը 150 մետր հեռավորության վրա լինի թշնամու դիրքից. Դպրոցի տնօրեն

Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր աշակերտները դպրոց չեն գնացել՝ սրանով յուրօրինակ ակցիա իրականացնելով՝ Տավուշում ՀՀ իշխանությունների կողմից կատարվող սահմանազատման գործընթացի դեմ։

168.am հետ զրույցում Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բադիրյանն ասաց, որ աշակերտների դպրոց չգնալը, կարելի է ասել՝ այո, դասադուլ է, ծնողներն էլ չեն ուղարկել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Դե, ծնողները մտածում են, որ արդեն անվտանգ չէ, սակայն բոլորի հետ խոսել եմ՝ երկուշաբթի օրվանից դասընթացները սկսվելու են։

Իհարկե, այդ ծնողներին ինքս շատ լավ եմ հասկանում, բայց նրանց այս քայլը սխալ եմ համարում, մի ծնող էլ՝ ես, ու ամեն ծնող իր որոշումն է կայացնում։ Երեկ ծնողների հետ քննարկման ժամանակ ասել եմ, որ, ի վերջո, երեխաներն են տուժում, կրթությունից հետ են ընկնում, դրա համար երեխաները գոնե պետք է դպրոց գան, մինչև ուսումնական տարին ավարտվի։ Կարող է սահմանազատման այս գործընթացը մի երեք տարի տևի, մեր երեխաներն այդ ընթացքում չեն կարող զրկվել սովորելու իրենց իրավունքից»,- նշեց Վոլոդյա Բադիրյանը։

Կարդացեք նաև

Դպրոցի տնօրենի խոսքով՝ Կիրանցը և առհասարակ ամբողջ Տավուշն է վտանգված, բայց կոնկրետ այս պահին երեխաները պետք է գնան դպրոց, քանի որ վտանգը դեռ մեծ չէ։

Վոլոդյա Բադիրյանը դեռ չգիտի՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցին, քանի որ դեռևս այլընտրանքային ճանապարհի նախագիծ չկա։

«Մենք չգիտենք՝ այս ճանապարհը լինելու է դպրոցի հետևի հատվածո՞վ, թե՞ դիմացով, մեզ որևէ բան հայտնի չէ։ Չգիտեմ, գուցե 150 մետր հեռավորության վրա լինի թշնամու զբաղեցրած դիրքից։

Եթե, Աստված ոչ անի, մի բան լինի, բոլորս ենք վտանգված»,- շեշտեց Կիրանցի դպրոցի տնօրենը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Տավուշի մարզում փակ է Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ բնակիչները բողոքում են սահմանազատման գործընթացի դեմ, որը, նրանց կարծիքով՝ ՀՀ իշխանությունների կողմից միակողմանի զիջում է Ադրբեջանին։ Տավուշի մարզին զուգահեռ, երեկ և այսօր բողոքի ակցիաներ են նաև Երևանում, Գեղարքունիքում, Շիրակում, Արարատում։

Տեսանյութեր

Լրահոս