Քո կարմիր գիծը գիծ չի, շարժական ձող է, որն Ադրբեջանը բրդելու է մինչև Երևանի մատույցներ. Խաչատրյան

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ է անցկացվել, որին մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իշխանությունները որոշել են, որ այն պիտի փակ լինի:

Աժ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, թե ակնկալում էին, որ նիստի արդյունքում իրենց ունեցած հարցերը պատասխաններ կգտնեն, մինչդեռ կրկնապատկվել են եղած հարցերը: Օրինակ, իրենք ցանկանում էին իմանալ՝ ինչ իրավապայմանագրային բազայի հիման վրա է տեղի ունենում սահմանազատումը:

«Ասում են՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի, բայց այն Ադրբեջանի համար ուժի մեջ է մտել 1993-ին: 1991 թվականին չկա փաստաթուղթ, որի տակ լինի Ադրբեջանի ստորագրությունը, դա եղել է 1993-ին: Ասում են՝ Ադրբեջանը կհամաձայնվի՞, կհամաձայնվի-չի համաձայնվի, բայց դրա տակ է Ադրբեջանի ստորագրությունը: Ասում ենք՝ ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված մեթոդական ցուցումներ, ասում են՝ չէ, այստեղ էս խնդիրը կա, էն խնդիրը կա: Եվ սա մեզ ստիպում է մտածել, որ սահմանագծման որևէ գործընթաց գոյություն չունի: Այսինքն, տեխնիկապես կա գործընթաց, բայց դրան զուգահեռ՝ կա մի այլ գործընթաց՝ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքով տարածքների հանձնումն է»,- նշել է նա՝ հավելելով, որ այս պայմաններում խոսել սահմանագծման մասին՝ իմաստ չունի:

Այս համատեքստում Արթուր Խաչատրյանը հիշեցրել է 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հեռավար ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները ս/թ մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և այլն: Այսինքն, այն, ինչ այսօր էլ տեղի է ունենում:

Կարդացեք նաև

«Լինելո՞ւ է սահմանազատման գործընթաց, այո, պետք է լինի: Կարո՞ղ են լինել այդ գործընթացի ընթացքում ինչ-որ շտկումներ, այո: Այդ շտկումները պե՞տք է վավերացվեն հանրաքվեով, այո, պետք է վավերացվեն: Այլապես չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում»,- շեշտել է ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանին շատ հստակ պետք է ասվի՝ սա է մեր կարմիր գիծը:

«Որովհետև եթե քո կարմիր գիծը գիծ չի, այլ ընդամենը շարժական ձող է, այն Ադրբեջանը բրթելու է մինչև Երևանի մատույցներ»,- եզրափակել է Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս