Իսրայելը 2 սպայի հեռացրել է աշխատանքից Գազայում հումանիտար աշխատողների շարասյանը հարվածելու համար
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ աշխատանքից ազատել է երկու սպաների, ինչպես նաև նկատողություն է արել երեքին անօդաչու թռչող սարքերի հարվածի համար, որի հետևանքով Գազայի հատվածում 7 հումանիտար աշխատող է զոհվել։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը ցույց է տվել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմում Իսրայելը բավարար քայլեր չի ձեռնարկում քաղաքացիական անձանց պաշտպանելու ուղղությամբ։
«Սա ողբերգություն է։ Սա լուրջ միջադեպ է, որի համար մենք պատասխանատու ենք, որը չպետք է տեղի ունենար, և մենք այնպես կանենք, որ նման բան այլևս տեղի չունենա», – ասել է ԻՊԲ խոսնակ փոխծովակալ Դանիել Հագարին։
Նախքան հարված հասցնելը, ըստ ԻՊԲ կանոնների, թիրախը պետք է վիզուալ կերպով նույնականացվեր։ Սակայն հետաքննությունը պարզել է, որ գնդապետը, որը հաստատել է անօդաչուների հարվածները հումանիտար աշխատողների ավտոշարասյանը, դա արել է մայորներից մեկի դիտարկման հիման վրա, որ շարասյան մեջ ինչ-որ մեկը զինված է եղել։ Այնուհետև պարզվել է, որ այս դիտարկումը սխալ է։
Բացի այդ, սպաները չեն կարդացել հաղորդագրությունները, որոնցում զորքերին նախազգուշացվում էր, որ հումանիտար բեռների բեռնաթափումից հետո աշխատողներին պահեստից պետք է տանեն մեքենաները, ոչ թե հումանիտար օգնության բեռնատարները։ Սրա հետևանքով ԻՊԲ զինվորականները թիրախավորել են մեքենաները՝ կարծելով, թե դրանք տեղափոխում են զինյալների։
ԻՊԲ-ն հայտնել է, որ գնդապետը և մայորն ազատվել են աշխատանքից, իսկ երեք այլ սպաների նկատողություն է տրվել։ Հետաքննության արդյունքները տրամադրվել են ռազմական գերատեսչության գլխավոր փաստաբանին, որը կորոշի՝ արդյոք հարվածների մեջ ներգրավված սպաները կամ այլ անձինք պետք է հետագա պատժի ենթարկվեն թե ոչ։
«Համաշխարհային կենտրոնական խոհանոց» կազմակերպության 7 աշխատակիցներից 3-ը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին, մեկն՝ Ավստրալիայի, մեկը՝ Լեհաստանի, մեկն ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ուներ, մյուսն էլ պաղեստինցի էր։
Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 220 հումանիտար աշխատող։