Այս պատերազմը նաև քաղաքակրթական, մշակութային է. Ադրբեջանն ընդգծված   քաղաքականություն է վարում, պետք է փորձենք պատասխանել. Համլետ Պետրոսյան

Հաջորդ շաբաթ Գերմանիայում կանցկացվի «Մշակութային արժեքների պահպանությունը պատերազմի պայմաններում» միջազգային գիտաժողով, որին Հայաստանից զեկուցմամբ կմասնակցի նաև Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար,  Monument Watch գիտական ծրագրի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

«Գիտաժողովը հրավիրել է Մյունստերի համալսարանը, այն տեղի ամենահայտնի համալսարաններից մեկն է։ Մեզ հրավիրել են,  գնալու ենք երկու հոգով։ Ինքս ներկայացնելու եմ Monument Watch ակադեմիական հարթակի փորձը, քանի որ իրենք իսկապես շատ հետաքրքրված են, թե ինչպես կարող են հայ մասնագետները ակադեմիական չեզոք դիրքերից ներկայացնել մշակութային ժառանգությունը, այլ ոչ թե հանդես գալ՝ որպես դատապաշտպաններ»,- 168.am հետ զրույցում ասաց Համլետ Պետրոսյանը։

Հնագետի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ  հայ մասնագետներին հնարավորություն է տրվում մասնակցելու նման գիտաժողովներին և ներկայացնելու հայ մշակութային արժեքները։ Գիտաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգա նաև հնագետի ասպիրանտը՝ Անուշ Սաֆարյանը, զեկույցը նվիրված է լինելու պատերազմի ժամանակ նշաններին։

«Մեզ մոտ այն կարծիքը կա, որ այս պատերազմը նաև քաղաքակրթական, մշակութային պատերազմ էր։ Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի նշանները խորհրդանշական դեր են խաղում ընդհանուր կոնսոլիդացման գործում հասարակությունում։ Սա հստակ ընդգծված քաղաքականություն է, որը վարում է Ադրբեջանը, և մենք պետք է փորձենք դրան պատասխան տալ»,- հավելեց Համլետ Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Նա նաև ընդգծեց՝ եթե ներկայացնելու է Monument Watch ակադեմիական հարթակը, ապա դա նշանակում է, որ ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգությունը, որի առնչությամբ այս պահին չի ցանկանում չակերտներ բացել։

«Լինելու է մոտ մեկ ժամանոց զեկուցում, որը ներառելու է առհասարակ այդ տարածքների մշակութային ժառանգության պատմական կերպարը, ներկայացնում է Ադրբեջանի քաղաքականությունը խորհրդային տարիներից սկսած՝ հատկապես 1960-ականներից սկսած ի վեր։ Այն ներկայացնում է մեխանիզմները, որն Ադրբեջանն օգտագործում է մշակութային ժառանգության բռնի յուրացման համար և, ի վերջո, թե ինչպես հետազոտողները պարտավոր են և կարող են այդ ամենին պատասխանել»,- եզրափակեց Համլետ Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս