«Չեմ կարող ապագայի մասին մտածել, միայն ներկայի մասին եմ մտածում, որովհետև չգիտեմ՝ վաղն ինչ է լինելու». Արցախից բռնի տեղահանված

Ադրբեջանի օկուպացրած Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 32-ամյա Մելինե Ավանեսյանն Ադրբեջանի զինյալների կատարած հանցագործությունների հետևանքով երկու անգամ կորցրել է տունը։ Առաջինը Հադրութի շրջանի Ջրակուս գյուղում էր, որտեղից  բռնի տեղահանվեցին, քանի որ Ադրբեջանն այն զավթեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Դրանից հետո տեղափոխվել էին Ստեփանակերտ, վարձով էին բնակվում, 2023 թվականին Ադրբեջանը կրկին նրանց բռնի տեղահանեց։

Մելինեն, 3 անչափահաս տղաների հետ, Արցախից բռնի տեղահանվել էր սեպտեմբերի 25-ին, գաղթի ճանապարհին էին իմացել, որ Ասկերանում տեղի է ունեցել պայթյուն, որը խլել է հարյուրավոր մարդկանց կյանք, բայց չէին կարողացել հետ գնալ։

168.am հետ զրույցում Մելինեն պատմեց, որ Արցախից տեղահանվելուց հետո հիմա ապրում են վարձով տանը Նոր Հաճնում՝ ամուսնու հորեղբոր ընտանիքի հետ։

Մելինեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կորցրել է ոչ միայն Արցախը, այլև ամուսնուն, որ պայմանագրային զինծառայող էր։

Կարդացեք նաև

«Ինքս այս պահին չեմ աշխատում, պետությունը որոշակի գումար է հատկացնում, կարողանում եմ այդ գումարով ծայրը ծայրին հասցնել։ Ֆինանսական խնդիրների պատճառով առանձին բնակարան չեմ կարողանում վարձել, մեզ հարմար տուն չենք գտնում, որը մեր գրպանին համապատասխան կլինի։

Ջրակուսում մինչև 2020 թվականի պատերազմը նորմալ ապրում էինք, սեփական տուն ունեինք, հարմարություններ կային։ Պատերազմից հետո Ստեփանակերտ տեղափոխվեցինք՝ վարձով էինք ապրում, սպասում էինք, որ տուն կկառուցեն ու կտան, էլի չէինք դժգոհում»,- նշեց Մելինեն։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, կեսօրից հետո, երբ Ադրբեջանը սկսել էր ռազմական գործողությունները, Ստեփանակերտում արդեն հասկացել էին, որ լայնածավալ ռազմական գործողություններ են լինելու, քանի որ մինչև այդ արդեն խոսում էին սահմանին թշնամու զորքերի կուտակման մասին։ Բացի այդ, խաղաղ բնակիչները հասկացել էին, որ 9 ամիս Արցախը պահելով շրջափակման մեջ, Ադրբեջանը ցանկանում էր հասնել ամբողջական Արցախի զավթմանը:

«Ամուսինս զոհվեց սեպտեմբերի 19-ին, նա 35 տարեկան էր, պայմանագրային էր։ Մենք ամուսնուս բերեցինք Հայաստան. Եռաբլուրում է հուղարկավորված, որովհետև գիտեինք, որ բոլորս դուրս ենք գալու։

Հիմա ես Արցախ վերադառնալու հույս չունեմ, Հայաստանում այս ամենը տեսնելուց հետո, սկսել եմ կասկածել, որ թշնամին սա էլ կվերցնի։ Բայց Աստված տա, եթե Արցախն ազատագրեն, հաստատ կգնամ։

Արցախի մասին իմ հիշողությունները գրեթե բոլորը կապված են Ստեփանակերտի վերջին երկու տարիների հետ։ Ամեն օր այնտեղ ապրելով ու տեսնելով Ադրբեջանի գործողությունները՝ վախենում էինք, որ մի օր կհասնեն Ստեփանակերտ։ Շրջափակման ժամանակ այս մտածմունքներն ավելի շատացան»,- ցավով ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հիմա տան խնդիր ունի, ուզում է, որ երեք որդիներն իրենց անկյունն ունենան։ Բացի այդ, Մելինեն առողջական խնդիրներ ունի, որոնք ի հայտ են եկել դեռևս Արցախում՝ շրջափակման ժամանակ, ասում է՝ ամեն ինչ պետք է անի, որպեսզի բուժվի ու  երեխաների գլխին կանգնի։

«Մեծ տղաս 12 տարեկան է, միջնեկը՝ 10,  փոքրը՝ 4։ Պատերազմից առաջ եմ ունեցել առողջական խնդիրներ, ու այս ամենից հետո գնալով խորացել է։

Ես չեմ կարող ապագայի մասին մտածել, միայն ներկայի մասին եմ մտածում, որովհետև չգիտեմ, թե վաղն ինչ է լինելու»,- եզրափակեց Մելինե Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս