«Այս իշխանություններին 2018 թվականին բերել են երեք խնդիր լուծելու համար. մեկն Արցախը հանձնելն էր». Արմեն Բադալյան
ՀՀ իշխանությունների կողմից որևէ խոսք չկա մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական օկուպացիայի, արցահայերի էթնիկ զտման ու Արցախի հայաթափման վերաբերյալ։ Միայն ԱԳ նախարարությունն է հայտարարություն տարածել՝ շեշտելով, որ ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ ավելի քանի 115.000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Արցախը հանձնելու համար իշխանության եկածը չի կարող քննադատել Ադրբեջանի կողմից արցախահայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանությունը, կամ` Ադրբեջանի սկսած պատերազմի վերաբերյալ որևէ հայտարարություն տարածել։
«Այս իշխանություններին 2018 թվականին հատուկ բերել են երեք խնդիր լուծելու համար, այդ խնդիրներից մեկն Արցախն Ադրբեջանին հանձնելն էր ու Արցախի հարցը մեկընդմիշտ փակելը։ Սրանով թուլանում է Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, որովհետև Արցախի հարցը Ռուսաստանի կողմից և, ոչ միայն, օգտագործվել է նաև իր արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում կայուն ու շարունակական ընթացքի մեջ պահելու համար։ Սա նորմալ երևույթ է, քանի որ աշխարհի բոլոր գերտերություններն էլ այս կամ այն կոնֆլիկտն օգտագործում են իրենց քաղաքական շահն առաջ մղելու համար։
Երբ 2018 թվականին այս իշխանություններն Արևմուտքի կողմից բերվեցին՝ երեք խնդիր պետք է լուծեին՝ Արցախի հանձնում, «միջանցքի» հարցի լուծում, քանի որ Հարավային Կովկասն ամբողջությամբ վերածվում է միջին միջանցքի, որի մեջ «Զանգեզուրի միջանցքն» ունենալու է գերկարևոր նշանակություն, և երրորդ խնդիրն էլ այն է, որ Ռուսաստանի հետ պետք է սառեցվեն բոլոր ռազմաքաղաքական հարաբերությունները և Արևմուտքի ազդեցությունը Հարավային Կովկասում ուժեղանա, ինչն այս պահին կատարվում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, այս համատեքստում ՀՀ օրվա իշխանությունն Արցախի հարցում որևէ բան չի անելու, որևէ քայլ չի անելու Արցախի հարցը կրկին բարձրացնելու համար։ Ավելին՝ 2018 թվականից սկսած իշխանությունների քաղաքականությունը հետևյալի մասին էր՝ «ազատվում ենք Արցախից»։
«Այս ամենից հետո պարզ էր, որ միայն ԱԳ նախարարությունը պետք է այսօր հայտարարություն աներ, այն էլ՝ շատ չեզոք հայտարարություն, որը կվերաբերեր Արցախին։ Կրկնում եմ՝ Արևմուտքի պահանջով ՀՀ իշխանությունը փակել է Արցախի հարցը, ուստի զարմանալու որևէ բան չկա՝ խամաճիկային կառավարություն է, և երկրի կառավարումն էլ այդպիսին է։ Իրենք իրենց առջև դրված նպատակներն Արևմուտքի հրահանգով քայլ առ քայլ իրականացնում են»,- հավելեց Արմեն Բադալյանը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ քանի դեռ ՀՀ-ում այս իշխանությունն է, արցախահայերը չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ դրա համար իշխանությունը որևէ բան չի անելու։ Հակառակը՝ ամեն կերպ խանգարելու է, որպեսզի այդ հարցը բարձրաձայնվի, քանի որ հարցի բարձրաձայնումը դուր չի գալիս Արևմուտքին։
«Այն պահին, երբ Հայաստանում իշխանության կգան ազգային ուժերը, կձևավորվի ազգային իշխանություն, որը կառաջնորդվի ՀՀ ազգային շահերով, Արցախի հարցն անմիջապես կբարձրացվի, և շատ կարճ ժամանակ հետո արցախահայերը կվերադառնան Արցախ։ Չեմ կարող ասել՝ սա երբ կլինի, բայց արցախահայերի վերադարձը միայն իմ նշած տարբերակի դեպքում է հնարավոր. մենք այլ տարբերակ չունենք»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։