ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է՝ ՄԻԵԴ-ից ծանուցումներ է ստացել իր կողմից ներկայացված գանգատները ընդունելու մասին։ Խոսքը Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատների մասին է։
«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված գանգատները նախնական ընդունելու մասին (դա գործնականում նշանակում է, որ որոշ ժամանակ անց գործերով կսկսվի կոմունիկացիան՝ կողմերին հարցեր ուղղելը): Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ (հայտնի միջադեպի գործով) և Արմեն Աշոտյանի գանգատը՝ իրեն իրավասություն չունեցող դատարանի կողմից կալանավորելու մասին (հակակոռուպցիոն դատարանը իրավասու չի եղել քննելու դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանքի, վարույթները):
Հուսամ՝ մի օր արդարադատությունը կվերականգնվի, և Ալեն Սիմոնյանը, նրան քրեական պատասխանատվությունից ազատած Ս. Խաչատրյանի աշխատակիցները, դատախազները և այդ ամենին կնիք դրած դատավորները, հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Ս. Դադոյանը, Գ. Հովհաննիսյանը և Ա. Նահապետյանը կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- գրել է փաստաբանը: