Փաշինյանի զիջումների պիրուետը. «ըստին ու ընդին», նոր տեխնոլոգիաներն ու Հայկ Ղալումյանի լռությունը
Նիկոլ Փաշինյանը գնացել էր Տավուշ՝ Ոսկեպարի, Բաղանիսի ու հարակից բնակավայրերի բնակիչներին գուժելու, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
«Ուրիշ բան է՝ մենք ստի՞ ենք կանգնած, թե՞ ընդի,- հակադարձելով բնակչի մտահոգությանը՝ հանդիպման ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով,- Որովհետև եթե մենք կանգնած ենք ստի՝ մեր կանգնած տեղը օրինական է, և որևէ մեկը մեզ խփելու, հարվածելու իրավունք չունի, երբ կանգնած ենք ընդի՝ դառնում ենք թիրախ»:
«ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք»-ի մասին իր ելույթում, սակայն, որևէ խոսք չեղավ 2021 թվականի մայիսից այդ ինքնիշխան տարածքում նստած ադրբեջանական զինված ուժերի մասին, նա չպարզաբանվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ «ստի» են կանգնած, բայց մենք չենք կարողանում ասել՝ «ընդի» գնան, քանի որ իրենց կանգնած տեղն օրինական չէ:
Այս ամենը զուգորդվում էր ինչ-ինչ տեխնոլոգիաների կիրառմամբ. այս հնարքը սիրում են օգտագործել Փաշինյանն ու նրա կինը: Հանդիպումը ճաքած պատի առջև էր, սեղանին՝ եռագույնի գույներով ավազե ժամացույցներով ու արդեն կիրառված տեխնոլոգիայով՝ Հայաստանի նոր տարածքներով քարտեզ-մակետով:
Հանրային տարբեր շրջանակներ արդեն արձանագրել են, որ նոր տեխնոլոգիաներով է, սովորաբար, Փաշինյան-Հակոբյան զույգը հանրությանը տեղյակ պահում վերահաս աղետի մասին, կամ՝ արմատավորում նախկին զիջումները:
Հիշենք թեկուզ 2023 թվականի օգոստոսի վերջին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված նկարը՝ Էյնշտեյնի գրքով և տարօրինակ շապիկով, որի վրա գրված էր՝ «իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»: Արցախի բնակչության բռնի տեղահանումից մոտ մեկ ամիս առաջ կարծես այս ցուցադրությունը գուժել էր արցախցիներին:
Տավուշի մարզում երեկվա հանդիպման մյուս ատրիբուտի՝ մարզպետ Հայկ Ղալումյանի մասին. Նիկոլ Փաշինյանը Տավուշյան «ցավոտ զիջումների» գույժը հաղորդում էր Տավուշի մարզպետի խորհրդավոր լռության ներքո:
Մարդ, որն անգամ ձևի համար հանրությանը մտահոգող որևէ հարց չբարձրաձայնեց, իսկ թե ինչո՞ւ, երևի որովհետև Փաշինյանի ընտանիքի քավորն է, ու հենց Փաշինյանի «ամագ»-ն էր, որ նա քաղաքապետից դարձավ մարզպետ, իսկ եղբայրը՝ Վահե Ղալումյանը, համալրեց ՔՊ-ական պատգամավորների շարքը:
Սա էլ դեռ ամենը չէ. Հայկ Ղալումյանի թեթև ձեռքով մտերիմների մի բույլ է նստել Իջևանի համայնքապետարանում, իսկ հորաքրոջ որդին էլ՝ Արթուր Աթաբեկյանը, 2018 թվականից հետո տպավորիչ քայլեր է կատարում դատական համակարգում:
Ինչպես ասում են` լռությունն իր գինն ունի:
168.am-ը դեռ 2020 թվականին անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հարազատ իջևանցի Ղալումյանների ընտանիքին՝ արձանագրմամբ, որ այդ ընտանիքի երկու եղբայրները՝ Վահե և Հայկ Ղալումյանները, «Նոր Հայաստանում» ԱԺ պատգամավոր ու Իջևանի քաղաքապետ դարձան։ Նաև նշել էինք, որ Ղալումյանների ընտանիքը եղել է ՀՀԿ-ի ակտիվ քաջալերողներից. մասնավորապես, Ղալումյան ավագը՝ Վոլոդյա Ղալումյանը, հիմնադրել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը և համակարգել է այն։