«Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է»․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Շուշիի հռչակագիրն ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է, երեկ Ապշերոնի շրջանի մշակույթի տանը Գալիպոլիի (Չանաքքալեի) ճակատամարտի 109-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջին։

Նա հիշեցրել է, որ 2021-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը Շուշիում հռչակագիր ստորագրեցին, որը երկու երկրների հարաբերությունները հասցրել է դաշնակցային մակարդակի։

«Շուշայի հռչակագիրը ադրբեջանա-թուրքական հարաբերությունների սահմանադրությունն է։ Փաստաթուղթը թշնամու սիրտը խոցած նետ է»,- ասել է դեսպանը՝ շեշտելով, որ Անկարան ապագայում էլ կշարունակի զարգացնել «Բաքվի հետ անկոտրում եղբայրությունը, համերաշխությունը, ամուր դաշնակցային հարաբերությունները և համագործակցությունը»։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Ալիևը «պատմական մեծ նվաճում է» անվանել դեկլարացիան:

Տեսանյութեր

Լրահոս