Ե՞րբ Փաշինյանը կլքի ՀԱՊԿ-ը․ ինչու է Փաշինյանը հարցը ձգձգում
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։
Նա պարզաբանել է՝ դա նշանակում է՝ ՀՀ-ն նիստերին չի մասնակցում, ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ չունեն: «Հարց չի՞ ծագում, թե ինչո՞ւ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չունի, ինչո՞ւ չենք օգտագործում մեր քվոտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելուն, ինչո՞ւ ՀՀ-ն կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ մեր գործընկերները պատասխանեն՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմ չենք ստեղծել: 2021թ. մայիսի իրադարձություններից հետո արձանագրել ենք պաշտոնապես, որ կարմիր գիծը հատված է»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար, թող ցույց տան, թե իրենց պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը ո՞րն է: «ՀԱՊԿ-ը ցույց չի տվել ՀՀ ինքնիշխան տարածքը, և այսօր այդ հարցը դրված է սեղանի վրա, եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այդ հարցին, և պատասխանը համապատասխանի մեր պատկերացումներին, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի միջև հարցերը լուծված են: Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից»,- հայտարարել է նա:
Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները սկսել են դուրս բերել ռուսական սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից։ Ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող դիսկուրսի, սա ռուսական ուժերին ՀՀ-ից դուրս բերելու գործընթացի միայն սկիզբն է։ Սրանով ՀՀ իշխանությունները, ինչ խոսք, ստուգում են նաև ՌԴ հնարավոր արձագանքները։
Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ նշելով, որ Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ «Սա Հայաստանի որոշումն է, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ կառույցում ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանին։
Չնայած Հայաստանի վերնախավից հնչող մտահոգություններին՝ ՀԱՊԿ-ը «երկրի ղեկավարության քաղաքական սթափության» հույս ունի, ասել է Տասմագամբետովը՝ շեշտելով․ «Հայաստանը մնում է դաշնակից»։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Կրեմլը կպարզաբանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։ Նա հայտնել է, որ ռուսական կողմը լսել է Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ՝ ասելով. «Առջևում, իհարկե, շատ աշխատանք կա։ Մեզ անհրաժեշտ են շփումներ՝ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ՝ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»։ Նա նաև նշել է, որ ՀՀ-ն իրազեկել է «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրսբերման որոշումը։ «Իսկապես գրությունը ստացել ենք։ Գերատեսչությունների միջև այժմ տեղի են ունենում շփումներ։ Այս պահին չեմ կարող ավելին ասել, իհարկե, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»,- ասել է Պեսկովը։
Ուշագրավ է, որ Ռուսաստանից կտրվելու գործընթացի վերջնական փուլը ՀՀ իշխանությունները սկսում են Ուկրաինայում Ռուսաստանի աշխարհաքաղաքական պատերազմի ամենաթեժ փուլում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմին։ «Մեր միջուկային ուժերը մշտապես ռազմական բարձր պատրաստության պայմաններում են»,- լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահը՝ զուգահեռաբար ուկրաինական կողմին առաջարկելով բանակցություններ ռուսական պայմաններով, որոնց հիմքում պատերազմի գետնի վրա ստեղծված իրավիճակն է։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, իհարկե, ՀՀ իշխանությունները պատահական չեն այս ամենն իրականացնում հենց հիմա, քանի որ սա ՌԴ իշխանությունների համար ամենազբաղված ու բարդ փուլերից մեկն է, երբ հարավկովկասյան թեմաները մղված են վերջին պլան՝ ոչ միայն ՌԴ արտաքին քաղաքական թեմաների, այլև՝ ներքին գործընթացների և սպասվող ընտրությունների պատճառով։
Նա նշեց, որ դատելով ՀՀ իշխանությունների բոլոր հայտարարություններից, ՀԱՊԿ-ը լքելու որոշում կա, անկախ նրանից, թե ինչպիսի բանակցություններ կվարեն Հայաստանի հետ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։ Սակայն, ըստ նրա, Հայաստանը վերջնական քայլ կկատարի այն ժամանակ, երբ Եվրոպական միությունից անվտանգային բնույթի երաշխիք ստանա, ավելի էական մի բան, քան ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդների գործոնն է։
«ՀՀ իշխանությունները հասկանում են, որ միայնակ աշխատելը ՀՀ ներկայիս հնարավորությունների պարագայում ռիսկային է, թեև նույն մարդիկ խոսում են նաև Հայաստանի՝ չեզոք երկրի կարգավիճակի մասին։ Չնայած պետք է նշել, որ չեզոք երկրները պետք է բոլոր ոլորտներում լինեն կա՛մ ինքնաբավ, կա՛մ ունենան ուժեղ դաշնակից։ Այս դեպքում Ֆրանսիան Հայաստանի համար այնպիսի դաշնակից չէ, որը Հայաստանին թույլ կտա վստահ քայլեր իրականացնել։ Դա նույնիսկ ՀՀ իշխանություններն են հասկանում, որ արևմտյան հայտարարությունների ներքո լուրջ բովանդակություն չկա։ ՆԱՏՕ-ի դուռն ընդհանրապես փակ է Հայաստանի Հանրապետության համար, իսկ ԵՄ-ն անվտանգության ոլորտում համագործակցելու լայն հնարավորություններ չունի և կարող է միայն անդամ որոշ երկրների հորդորել աջակցել Հայաստանին»,- ասաց Եվսեևը։
Սակայն, նրա խոսքով, առանց որևէ հուսալի դաշնակցի մնալը չափազանց ռիսկային է Հայաստանի Հանրապետության համար։ «Շատերը կհակադարձեն, որ ՌԴ-ն չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, գուցե կար ակնկալիք, որ ՌԴ-ն պետք է զորքեր ուղարկեր և պատերազմեր Հայաստանի համար, սակայն ՌԴ-ն գործի է դրել քաղաքական և դիվանագիտական լծակներ և տևական ժամանակ դրա շնորհիվ Հարավային Կովկասում, որքան էլ բարդ, սակայն պահպանել է խաղաղություն։ Իսկ ի՞նչ կարող է անել ԵՄ-ն։ Ի՞նչ տվեցին Հայաստանին Արևմուտքում բանակցությունները։ Ռուսաստանը չմիջամտեց, բանակցություններն ընթացան Արևմուտքում, և ի՞նչ ստացվեց դրա արդյունքում, որևէ հայամետ որոշման կողմերը հանգե՞լ են։ Կարծում եմ՝ ոչ։ Ադրբեջանը հասել է իր նպատակներին և դուրս է եկել բանակցային այդ հարթակից, և ներկայումս ռեգիոնը կրկին կանգնած է նոր մարտահրավերների շեմին, կրկին անվտանգային, սակայն, որքան էլ տարօրինակ է՝ ՀՀ իշխանությունները գոհ են ԵՄ դիտորդներից։ Եթե նրանց փոխարեն ռուս կամ ՀԱՊԿ դիտորդներ լինեին, ՀՀ-ն նրանցից վստահաբար դժգոհ կլիներ»,- ասաց Եվսեևը։
Ուստի, ըստ վերլուծաբանի, օգտվելով ՌԴ-ում ստեղծված իրավիճակից՝ ՀՀ իշխանությունները փորձում են քիչ-քիչ մոտենալ շրջադարձին և իրականացնել այն։
«Սակայն սա նրանց համար այնուամենայնիվ բարդ գործընթաց է, քանի որ ոչ միայն ՌԴ-ի հնարավոր դիրքորոշումն է անհանգստացնում, այլև Իրանի, ի վերջո, կան ԵԱՏՄ-ի և բազմաթիվ այլ հարցեր, որոնք հեշտ լուծելի հարցեր չեն»,- ասաց Եվսեևը։
Վերլուծաբանը գտնում է, որ Պեսկովի արձագանքը ցույց է տալիս, որ ՌԴ-ն մի քանի մակարդակով կբանակցի հայկական կողմի հետ։ «Չեմ կարծում, թե դրանք այս փուլում որևէ հարց են լուծելու»,- նկատեց նա։