44-օրյայի ժամանակ Փաշինյանը 1 հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջնորդի հետ. հարավային ուղղությամբ մարտերի օրերին ոչ մի զանգ չի եղել. Ի՞նչ հարց է այսօր փորձում լուծել Պապիկյանը
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակում նախարար Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիին, որի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Տարածաշրջանային հարցեր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ:
«Սպուտնիկ Արմենիան» հղում տալով իրանական լրատվամիջոցներին՝ գրել էր, որ ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարարը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին հասկացրել է, որ թույլ չեն տա, որ այս տարածաշրջանը վերածվի օտար երկրների մրցակցության դաշտի, որը կարող է ազդել տարածաշրջանի երկրների անվտանգության ու կայունության վրա: Այսինքն, ինչպես 168.am-ը երեկ գրել էր՝ այնքան էլ արդարացված չէ Սուրեն Պապիկյանի վստահությունը, թե Իրանը հարգում է ՀՀ-ի՝ առանց տաբուների համագործակցությունը Ֆրանսիայի հետ և ոչ միայն, հատկապես կոմունիկացիաների վրա վերահսկողություն սահմանելու գլխավոր խաղացողների ուժեղացող մրցակցության պայմաններում:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այս համատեքստում հիշեցրել էր, որ Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին», և ժամանակ առ ժամանակ մեսիջներ է ուղարկում, որ գործի կդնի իր ռազմական ուժը, որպեսզի թույլ չտա այդ նախագծի իրականացումը, և, ըստ ադրբեջանական վերլուծաբանի, Իրանը դա բացատրում է նրանով, որ Հայաստանի հետ ցամաքային սահմանը կհայտնվի թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ այն «պատուհան է դեպի Սև ծով»:
Այստեղ հոդվածագիրը հարց է տալիս՝ այն դեպքում, երբ Հայաստանը հետևողականորեն շարժվում է դեպի Արևմուտք և չի ցանկանում մասնակցել տարածաշրջանային անվտանգության ֆորմատին՝ Իրանի և Ռուսաստանի ներգրավմամբ, կարո՞ղ է Իրանի դիրքորոշումը փոխվել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, և ենթադրում, որ Սուրեն Պապիկյանը հենց այս հարցի պատասխանն է փորձել գտնել Թեհրանում, հատկապես, երբ օրերս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել, այլ մանրամասներ հայտնի չեն: Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, հաղորդել են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան աշխատանքը վերականգնելու շուրջ։
44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաջողությունն Իրանի համար հսկայական հետևանքներ ունեցավ, սա Իրանը սկսեց հասկանալ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին, երբ Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ ներկայացրեց։ Իհարկե, դրա հետ կապված՝ հայկական կողմը մտահոգություններ ուներ:
«Այս նախագիծը մի քանի փուլով կարող է իրավիճակը բերել կայուն խաղաղության և վերջ տալ առկա հակամարտությանը և, իհարկե, Ադրբեջանի Հանրապետության տարածքների «օկուպացիային»»,- Բաքվում ասել էր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Իրանի հատուկ բանագնաց, քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն այս նախագծի առանցքային կետերից է:
Այդ ժամանակ 168.am-ի հետ զրույցում Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը նկատել էր, որ Իրանի կողմից սա քաղաքական մանևր է՝ տարածաշրջանում իր դերակատարությունը բարձրացնելու, հավասարակշռելու Թուրքիայի ակտիվ ներկայությունը, նաև՝ կարգավորման գործընթացի համատեքստում մոտենալու ռուսական կողմին՝ համատեղ ինչ-որ բաներ ձեռնարկելու փորձերի առումով: Իսկ 44-օրյա պատերազմից հետո, 2021-ի հուլիսին այդ ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն էր հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորանքների համար:
Ալիևին հասցեագրված ուղերձում նա Ադրբեջանի ղեկավարին շնորհավորել էր «բռնազավթված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ»:
Ինչի՞ մասին էր սա հուշում, արդյոք սա զուտ արարողակարգային հայտարարությո՞ւն էր, թե՞ Հայաստանը կորցրել է իր հետաքրքրությունն Իրանի համար: Թեհրանում որոշակի փորձագիտական շրջանակներ սա մեկնաբանել էին՝ որպես Իրանին ուղղված հրավեր՝ դառնալու գլխավոր շահառուներից մեկը՝ Հարավային Կովկասում հետպատերազմյան շրջանում ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում: Բայց նաև կային այլ պատճառներ, այդ թվում՝ կապված Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգերի և ոչ վստահելի գործընկեր լինելու հետ:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, Նիկոլ Փաշինյանն Իրանի առաջնորդի հետ ընդամենը 1 հեռախոսազրույց է ունեցել, իսկ, օրինակ, Ֆրանսիայի նախագահի հետ՝ 3 անգամ։
Պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, բայց Իրանի առաջնորդի հետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, այսինքն՝ այն օրը, երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ԱԽ նիստում առաջարկել էր 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը: Իսկ Իրանի տարածքում արկեր էին ընկել հոկտեմբերի կեսերին, այնուհետև Արցախի և Իրանի սահմանի այդ ուղղությամբ սկսել էին թեժ մարտեր: Ավելին, 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմն անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել էր ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Այստեղ պետք է հիշեցնել, որ այս իրադարձություններից առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին, ՀՀ ՊՆ-ում ընդունել էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։
Ի դեպ, 2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:
«Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»,- շարունակել էր Փաշինյանը:
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, քանի որ խոսքը Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։ Ավելին՝ ինքնագործունեություն է թույլ տվել և Ադրբեջանին ինչ-ինչ առաջարկներ փոխանցել, անունն էլ դրել՝ քաղաքական ճկունություն: Գուցե նման բանե՞րը չեն ներվել իրանական կողմից, կամ առնվազն հաշվի առնվել, իսկ գուցե հայկական կողմին ռազմական օգնության առաջարկներ են արվել, և դա չի՞ ընդունել Նիկոլ Փաշինյանը:
Կան քաղաքական գործիչներ, որոնք ասում էին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ միայն Վրաստանի, այլև Իրանի օդային տարածքներն էին փակ Հայաստանի համար: Կան փորձագետներ, որոնք նշում էին, թե Իրանն իր օդային տարածքով, ամեն դեպքում, օգնության ձեռք մեկնել է Հայաստանին:
Վրաստանի օդային սահմանի փակ լինելու խնդրին 168.am-ը մանրամասն անդրադարձել է, դա, Ալիևի խոսքով, իր պահանջն է եղել, թեպետ Վրաստանը դրան այլ բացատրություն ունի: Ինչևէ, մոտ 2 տարի առաջ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռներ են թռչել: Իսկ մեր հարևան Վրաստանը, ըստ Ալիևի, անսալով իր խնդրանքին, փակել է օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը:
«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»,- ասել էր Ալիևը և շարունակել, որ նման խնդրանքով դիմել է նաև մերձկասպյան բոլոր երկրներին, սակայն այս անգամ Ադրբեջանին մերժել են:
«Մենք նամակ ենք ուղարկել Ղազախստան, Թուրքմենստան և Իրան: Ցավոք, այդ ինքնաթիռներն օգտագործեցին այդ երկրների տարածքը Հայաստան մուտք գործելիս: Այդպես է եղել, և մենք չպետք է թաքցնենք դա»,- շեշտել էր Ադրբեջանի ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահի ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:
«Իլհամ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը։- Մ.Պ. ) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,– նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:
Իսկ 2023 թվականի հունիսին իր հայտարարության մեջ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ է կազմակերպվել զինված ուժերի՝ անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չի տրվել հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար, այն դեպքում, երբ դեռ հուլիսյան մարտերից առաջ առաջարկել է ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ՝ հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` Իրան և Վրաստան, բարեկամաբար տրամադրելուն, ինչը ոչ միայն հաշվի չի առնվել բավարար կերպով, այլ պատերազմական որոշիչ օրերին Փաշինյանը հեռախոսազրույցներ չի ունեցել Իրանի հետ, ինչպես նշեցինք՝ չհաշված պատերազմից առաջ Իրանին դուր չեկող քաղաքական քայլերն ու հայտարարությունները՝ սահմանը փակելու, Իսրայելում դեսպանատուն բացելու և այլնի հետ կապված:
Եվ այս քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր: Թե որքանով փորձ կարվի սրբագրել այս վտանգավոր քաղաքական քայլերը, ժամանակը ցույց կտա:
Իսկ առհասարակ, ցանկացած պետություն, այդ թվում՝ Իրանը, իր շահերից ելնելով է հայտարարում, որ թույլ չի տա տարածքային կամ սահմանային փոփոխություն, և հարց է՝ որքանով Հայաստանը կկարողանա իր շահերը տեղավորել այստեղ: