Մարտի 8-ին հանրային տրանսպորտով երթևեկող կանանցից ուղեվարձի գումար չի գանձվելու
Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, Երևանի հասարակական տրանսպորտով ուղևորությունները կանանց համար կլինեն անվճար։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տարի առաջին անգամ հասարակական տրանսպորտով երթևեկող կանանցից և աղջիկներից ուղեվարձի գումար չի գանձվելու»,- հայտարարեց Ավինյանը։
Ավինյանը հայտնեց, որ մարտի 8-ին և հաջորդող միամսյակի ընթացքում այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը որոշակյի նախաձեռնություններով հանդես կգա։ «Քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող կառույցներում աշխատող շուրջ 15 հազար կին գործընկերներին կտրամադրվեն մշակութային տարատեսակ միջոցառումների տոմսեր։ Պատերազմի մասնակից, զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կանանց կտրամադրվի 1000-ից ավելի տոմս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Գայանե» բալետին ներկա գտնվելու համար»,- մանրամասնեց Ավինյանը։