Պաշտպանության մասին 2023թ. կատարողականի «աղքատ» բովանդակությունը. Ո՞ւր է հնդկական զենքը

ՀՀ կառավարությունը հաստատել է 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ 

ՀՀ զինված ուժերին և պաշտպանության ոլորտին առնչվող հատվածը բաղկացած է մոտ 3 էջից՝ «աղքատ» բովանդակությամբ, ինչը, ըստ էության, սպասելի էր:

2022 թվականից սկսած և ամբողջ 2023 թվականն իշխանությունները թմբկահարում էին հնդկական զենքի ձեռքբերման պայմանագրերը, ավելին՝ իշխանամերձ շրջանակներից և հնդկական մամուլում տեղեկություններ եղան, որ 2023 թվականին հնդկական սպառազինության որոշակի խմբաքանակ հասել է Հայաստան և անգամ փորձարկվել է, սակայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում ոչ մի խոսք չկա և՛ այս մասին, և՛ առհասարակ սպառազինության ձեռքբերումների մասին:

Մինչդեռ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում առնվազն նշվել էր, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր, ինչպես նաև՝ «ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար»:

Կարդացեք նաև

168.amգրել էր, որ 2022 թվականի հունվարի 25-ին ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

168.am-ին հայտնի էր դարձել, որ Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով:

Պայմանագրով նախատեսված է եղել թվով 4 ուղղաթիռի մատակարարում:

Իսկ 2021-2026թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում էլ գրված էր.

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման նպատակով զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային, հրանետային, կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով, հակաօդային պաշտպանության, հրետանային ռադիոլոկացիոն կայաններով»:

Եթե ՀՀ իշխանությունները սպառազինության գնման հարցում քարոզչական նպատակներով խախտած չլինեին գաղտնիության սկզբունքը, ապա ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում սպառազինության գնման հետ կապված լռությունն առանց մտածելու կվերագրեինք հենց դրան, և հարցեր չէին ծագի, իսկ հիմա ստիպված ենք արձանագրել փաստերի և տրամադրությունների անհամաչափություն ելույթային և գրավոր խոսքում։

Զեկույցում ՀՀ իշխանությունները, այսպես ասած, զուսպ են գտնվել նաև առաջնագծի, երկրորդ գծի ինժեներական, ամրաշինական և շինարարական աշխատանքների ներկայացման առումով, թեպետ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմախոսներից պահանջում են այդ մասին խոսել ամեն պատեհ առիթի: Զեկույցում ընդամենը նշվում է, որ պետական սահմանի պահպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ 2023 թվականի ընթացքում կահավորվել և ավարտին են հասցվել 9 կառավարման կետեր, ինչպես նաև՝ ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգու­թյան մակարդակի բարձրացման նպատակով 2023 թվականի ընթացքում շարու­նակվել են նոր տեղակայման վայրերի կառուցման աշխատանք­ները Սյունիքի և Գեղար­քու­նիքի մարզերում:

Ի դեպ, 2023 թվականի կատարողականում նշված է, որ հաշվետու տարում մշակվել և հաստատվել են պաշտպանության ոլորտի կարևորագույն մի շարք փաստաթղթեր՝ ԶՈՒ ուժերի 2023-2027թթ. զարգացման պլանը և ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2023-2027թթ. զարգացման պետական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը՝ ծավալման և զորահավաքային պլաններով, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանի մտահղացումը: Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանը չի կատարել օրենքի պահանջը և չի իրականացրել Պաշտպանական ռազմավարական վերանայում՝ ՊՌՎ, ինչի մասին 168.amվերլուծություն էր ներկայացրել: Նշենք, որ սա առաջին հերթին ԱԽ գործառույթն է: 

Ստացվում է, որ ՀՀ ԱԽ-ն չի կատարել իր առաջնային գործառույթը՝ պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայման իրականացում, բայց կատարել է, այսպես ասած, երկրորդականները, այն է՝ հաստատել է ԶՈՒ զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման և ՀՀ տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանները:

Իսկ ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է, որի նպատակն է գնահատել ՀՀ պաշտպանական համակարգը առկա և երկարաժամկետ հեռանկարում ակնկալվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու կարողությունների տեսակետից, բացահայտելով այդ առումով համակարգի համապատասխանելիությունը /ոչ համապատասխանելիությունը/: 

Նշենք, որ Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով, իսկ այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սկսած 2008թ.-ից:

Այսինքն, օրենքի կարևոր պահանջ Նիկոլ Փաշինյանը չի կատարել, բայց ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում գրել են, թե՝ «գլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձևափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը», և շարունակել. «Արտաքին անվտանգության ապահովման ոլորտում Կառավարության հայեցակարգային մոտեցումը հիմնվում է տարածաշրջանային քաղաքականության վրա՝ նպատակ ունենալով ախտորոշել Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առկա բացասական և ագրեսիվ դրսևորումները, կառավարել դրանք, ապա և տարածաշրջանային մտածված քաղաքականության շնորհիվ նվազեցնել և երկարաժամկետ հեռանկարում զրոյացնել: Այս խնդրի իրագործման համար առանցքային է վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի և կարգի տեսակետից»:

Այս համատեքստում ընդգծենք, որ զեկույցի նախաբանում նշվում է, որ 2023 թվականի ընթացքում անվտանգային ոլորտի հարաբերություններ են ձևավորվել և զարգացել Վրաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Սակայն պաշտպանության ոլորտին առնչվող հատվածում ասվում է, որ 2023 թվականի ընթացքում կազմակերպվել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Հունաստան-Կիպրոս, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Ֆրանսիա, ՀՀ-ՆԱՏՕ ձևաչափերով պաշտպանական և ռազմաքաղաքական խորհրդակցություններ, և, որ երկկողմ ձևաչափով համագործակցության պլաններ են ստորագրվել Հունաստանի, Կիպրոսի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Միացյալ Թագավորության, Հնդկաստանի հետ, ինչպես նաև ստորագրվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս պլանը: Այսինքն, ռազմաքաղաքական խորհրդակցություններ հարևան Իրանի և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ չեն վարվել. նրանց անունները բացակայում են: Եվ նույնիսկ այս պարագայում ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, որ «առանց տաբուների» գնում են հարաբերությունների դիվերսիֆիկացման:

Կարևորը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2023 թվականի կատարողականի մասին զեկույցում չի մոռացել նշել, որ ««Global Firepower» միջազգային վերլուծական ընկերության Ռազմական հզորության վարկանիշում 145 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը. 2022 թվականին Հայաստանը 97-րդն էր 140 երկրից»: Իսկ «Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի» կողմից հրապարակվող Խաղաղության համաշխարհային ցուցիչում էլ 163 երկրից Հայաստանը 66-րդն է՝ 2022 թվականի զեկույցի 83-րդ տեղի համեմատ:

«Այս ցուցանիշով Հայաստանն առաջատարն է հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ Ռուսաստան և Եվրասիա տարածաշրջանում՝ 2-րդը: Հայաստանի խաղաղության վիճակը գնահատվում է «միջին»»,- արձանագրում է Փաշինյանի իշխանությունը:

Եվ ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում անընդհատ զգուշացնում է, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, իսկ Ադրբեջանն էլ դրա համար քարոզչական ֆոն է ստեղծում և օրեր շարունակ ՀՀ-ին մեղադրում սահմանային «սադրանքներ իրականացնելու համար», հայկական կողմն էլ՝ հերքում:

Տեսանյութեր

Լրահոս