Փաշինյանը նստել է ճոխ թախտին, սպասում է՝ մեկը կգա, իրեն կփրկի. Արթուր Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 15-ին Կառավարության նիստի ուղիղ եթերում հայտարարեց, որ այն, ինչ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին, մերժվում է, և Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ: Ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»,- ասաց Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նորություն չհամարեց այն, որ Ալիևը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի՝ ի հեճուկս Հայաստանի իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրական թեզերի։
«Այնպես որ, Փաշինյանի այսօրվա ասածի մեջ միակ դրական բանն այն է, որ կրկնում է այն, ինչը վաղուց ասել է ընդդիմությունը։ Ասել ենք՝ Ալիևին Փաշինյանը չի՛ կարողանալու պարտադրել, այսպես կոչված, խաղաղության օրակարգ։ Փաշինյանը ձախողել է իր խաղաղության օրակարգը, դրանից հետո Արցախն է հանձնել՝ «փոքրը տամ, մեծը պահեմ» տրամաբանությամբ, և հիմա արդեն Հայաստանը չի կարողանում պահել»,- ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն դիտարկման, որ միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունն ամուր կանգնած է ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում, և այդ լեգիտիմ շահերն են՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը, Արթուր Խաչատրյանը Փաշինյանին հիշեցրեց՝ ադրբեջանցիները Հայաստանի տարածքի ներսից են արդեն սպանում հայ զինվորին, ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսում։
«Ավելին, թուրքը Հայաստանի տարածքից սպանել է 4 երկրապահի, և թուրքին քշելու փոխարեն՝ Փաշինյանն ասում է՝ պետք է պարզեմ, թե այդ ո՞ր հայ զինվորն է կրակել Հայաստանն օկուպացրած ադրբեջանցու վրա»,- նկատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ ընդգծելով՝ զուր է Հայաստանի իշխանության վախվորած քաղաքականությունը, թե ադրբեջանցիներին պետք է չպատասխանել, որ պատերազմ չսկսվի։
«Ադրբեջանին եթե պետք լինի պատերազմ, ինքը դա կսկսի՝ անկախ Փաշինյանի վարած քաղաքականությունից»,- շեշտեց նա՝ հարցնելով՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում Հայաստանի իշխանությունը՝ սպասվող պատերազմին ընդառաջ։
«Փաշինյանը նստել է ճոխ թախտին, սպասում է բախտին, մտածում է՝ մեկը կգա, իրեն կփրկի։ Ասում է՝ ես չեմ կարողանում, գուցե մեկն ինձ օգնի, բայց ո՞վ է օգնելու. եվրոպացիները զուսպ են, ամերիկացիներն ասում են՝ գնացե՛ք, ինչ ուզում եք՝ արեք երկկողմ ֆորմատով։ ՆԱՏՕ-ն Նիկոլ Փաշինյանին չի պատրաստվում ընդունել։ Փաշինյանը, խոշոր հաշվով, ձախողել է մեր հարաբերությունները բոլորի հետ, ձեռք չի բերել գեթ մեկ դաշնակից։ Ինքն ամեն ինչ ձախողել է։ Փաշինյանը վտանգավոր է Հայաստանի համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության վերացմանն է տանում այս իշխանության վարած քաղաքականությունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ