Բաժիններ՝

Դեղը թաքնված զենք է, բայց Հայաստան ներկրվող դեղերը լաբորատոր փորձաքննություն չեն անցնում. փորձագետներ

«Դասեր» հաղորդաշարում հյուրերը` «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ու Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը, խոսեցին Հայաստանի դեղերի շուկայի ներկա վիճակից, դեղերի դեֆիցիտից, օրենսդրական բացերից ու դեղերի «սև շուկայից»:

«Դեղերի դեֆիցիտն ինչպես կար անցյալ տարի, այնպես էլ կա հիմա: Մեր քաղաքացիները, ստիպված, անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերում Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Վրաստանից, նաև Թուրքիայից: Ցավալի է, բայց Թուրքիայից են բերում նաև օնկոլոգիական դեղերը, որովհետև այնտեղ էժան է: Այն դեպքում, երբ դեղերի հարցը, ըստ էության, ազգային անվտանգության հարց է»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Բանախոսները նշեցին՝ այսօր մեր ազգաբնակչության համար չի ապահովվում դեղերի անհրաժեշտ քանակությունը և հասանելիությունը։ Օրենքներն այս վերջին տարիների ընթացքում այնպես են փոփոխվել, որ այսօր հնարավոր չի լինում մեր ազգաբնակչությանն անհրաժեշտ քանակի դեղեր ներկրել Հայաստան։

«Մեկ տարի առաջ մոտ 3400 դեղ էր գրանցված, այսօր՝ 3800, բայց դա եղանակ չի փոխում, որովհետև դեղերի 30%-ը թեև գրանցել են, բայց չեն բերում, իսկ գրանցված դեղերի մի մասն էլ կրկնվում են, օրինակ՝ Պարացետամոլը, Դիկլոֆենակը: Այնինչ շուկայում մեզ բուժման համար անհրաժեշտ է 8000-ից ավելի անուն դեղ: ԵԱՏՄ երկրների համար, ի դեպ, գրանցված է ավելի քան 13 000 անվանում դեղ՝ ազդող նյութով դեղ, երբ մեզ մոտ նույն ազդող նյութով դեղերի քանակը 1300 է: Ի դեպ, մինչ 2018թ. հեղափոխությունը Հայաստանում գրանցված էր 5600 անվանում դեղ, պատկերացրեք՝ դրանց քանակը որքան է կրճատվել:

Կարդացեք նաև

Բազմիցս առաջարկել ենք՝ ԵԱՏՄ կանոնակարգով գրանցված դեղորայքը թույլատրեն ներմուծել Հայաստան, որովհետև երբ դեղարտադրողից պահանջում են նաև Հայաստանում գումար ծախսել, գրանցել դեղորայքը, ինքը հեռանում է հայկական շուկայից: Այս կերպ կլուծվեր դեղորայքի դեֆիցիտի և բարձր գների հարցն ու կդառնար ավելի մատչելի ու, կարևորը՝ անվտանգ, որովհետև, օրինակ, Մոսկվայից բերված դեղը պետք է բերվի համապատասխան ջերմային ռեժիմով, բայց ո՛չ պացիենտը գիտի այդ մասին, ո՛չ բերողը, ինչը տվյալ դեղը հիվանդի համար դարձնում է նվազ արդյունավետ:

Եթե քաղաքացուն թույլատրում են իր համար դրսից բերել 5 անուն դեղ, ինչո՞ւ չի կարելի թույլ տալ ներկրել այդ դեղորայքը, հատկապես, եթե դրանք լաբորատոր փորձաքննություն չեն անցնում Հայաստանում:

Դեղը թաքնված զենք է, հատկապես որոշ երկրներից ներկրելիս պետք է փորձաքննություն անցնի»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Անուշ Պողոսյանն էլ նկատեց՝ քանի որ դեղերի դեֆիցիտը շատ է, մեծ քանակով զարտուղի ճանապարհով դեղ է մտնում Հայաստան:

«Ակտիվացել է դեղերի սև շուկան: Բժիշկները գիտեն՝ այդ դեղերը որտեղ են վաճառվում: Եվ վաճառվում են շատ թանկ գներով: Մենք այսօր ունենք անվտանգային լուրջ խնդիր դեղորայքային շուկայում: Քաղաքացին մեծ գումար է տալիս ու չի իմանում՝ ինչ է առնում, քանի որ ներկրված դեղորայքը Հայաստանում լաբորատոր փորձաքննություն չի անցնում»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս