Պապիկյանի և Փաշինյանի՝ «ծառայելու պատրաստակամության պակասից» դժգոհելու բարոյական իրավունքը, կամ՝ զինկոմներին գրություն ուղարկող «Ելքի» ղեկավարը
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ զորակոչի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան:
«Այս ուղղությամբ մենք հիմա աշխատանք ենք տանում, մի շարք փոփոխություններ ենք նախաձեռնելու կառավարության որոշումներում, հնարավոր է, որ անհրաժեշտություն ունենանք նաև օրենսդրական փոփոխություններ կատարելու: Բայց մի բան փաստ է, որ ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Վարչապետն անդրադարձել է դրան, կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին՝ դրանով զբաղվել, պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցել, վեր հանել բոլոր խնդիրները, որ կարողանանք հավասարության սկզբունքը մեր երկրում ապահովել»,- շարունակել է Պապիկյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն այս առնչությամբ, մասնավորապես, ասել էր.
«Բայց նաև այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:
Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է՝ ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը: Այստեղ, իհարկե, իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում, մյուս կողմից՝ մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը»:
Այսինքն, նախ երկրի ղեկավարը գաղտնազերծում է թույլ տվել՝ «զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ», և որոշակի հուշում կատարել, որից կարող է օգտվել հակառակորդը, եթե հաշվի առնենք նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված զինվորներին ուղղված իր մարտակոչում հայտնել էր, որ «այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում»:
Ի դեպ, 2023 թվականի նոյեմբերին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, երբ ներկայացնում էր իր օրինագիծը, դարձյալ գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ էր հայտնել։
«Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44.000 ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44.000-ից դառնալով 24.000»,- մանրամասնել էր նա:
Երկրորդ, փաստորեն ստացվում է, և Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ ձախողել են նաև զորակոչի կազմակերպման գործընթացում կոռուպցիայի դեմ պայքարը:
Երրորդ, ինչ վերաբերում է ծառայելու պատրաստակամության պակասին, խնդիրների վերհանմանն ու հավասարության սկզբունքի ապահովմանը, ինչի մասին նշել է ՀՀ պաշտպանության գործող նախարարը, ապա Սուրեն Պապիկյանը և Նիկոլ Փաշինյանը պետք է առնվազն հետ գնան դեպի 2020 թվականի 44-օրյա պատերազմ, հաշվի առնեն դրա ելքը, կորուստները, պատերազմից հետո 3 տարվա ընթացքում ՀՀ ԶՈւ-երում ստեղծված մթնոլորտը, կարգապահությունը, բարոյահոգեբանական վիճակը, արտաքին վտանգներին դիմակայելու ոչ բավարար կարողությունը, պատերազմից հետո 3 տարվա ընթացքում մարդկային ու տարածքային կորուստները, բանակի մասին հայտարարություններն ու տարվող քաղաքականությունը, օրենսդրական նախաձեռնությունները, երբ փողով կարելի է ազատվել զինծառայությունից, իշխող ուժի ներկայացուցիչների և պաշտոնյաների՝ տարբեր հանգամանքներով, պատճառաբանությամբ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, բանակում չծառայելու հանգամանքը և փաստերը։ Այստեղ նշված պատճառների շարքը կարելի է լրացնել, իսկ թվարկվածներից յուրաքանչյուրի վերաբերյալ կարելի է երկար խոսել: Ընդամենն այս համատեքստում մի քանի հիշեցում կանենք:
2017-ին Վիգեն Սարգսյանը ԱԺ մի նախագիծ էր ներկայացրել, որով բոլորը պետք է ծառայեին:
Մասնավորապես, 2017-ին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը քննարկել էր կառավարության կողմից ներկայացված ու հանրային քննարկման փուլում բազմաթիվ խնդիրների հետ բախված «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ քաղաքացիների զինապարտության ապահովման գործընթացի շրջանակներում այդ ժամանակ գործող կարգավորումների համեմատ փոփոխություններ էր ենթադրում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման և զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերություններում։
Այսինքն, զորակոչի հայտարարությունը վերապահվել էր կառավարությանը, վերանայվել էին տարկետման հիմքերը, և դրանց մեծ մասը փոխարինվել արտոնություններով։ Հատկապես վերանայվել էր արտոնությունների համակարգը՝ ձևական բնույթից փոխարինվելով բովանդակային արտոնություններով։
«Խոսքը վերաբերում է ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցողներին: Այն բոլոր արտոնությունները, որը ունենք, ավելի բովանդակային են դառնում, երկու արձակուրդի իրավունք են ստանում, ինչպես նաև մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավումը կատարվում է միայն նրանց ցանկությամբ»,- նշել էր Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով, որ ուսման տարկետումը փոխկապակցվելու էր հետագա ծառայության բնույթի հետ։
Քաղաքացին կարող էր տարկետում ստանալ զինծառայությունից, եթե այնուհետև պատրաստ լիներ ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ, ինչպես նաև կրթության վարձի փոխհատուցում՝ ինչպես բակալավրիատում, այնպես էլ՝ մագիստրատուրայում։
Բոլորին բանակ ուղարկելու գաղափարը «Ելք» խմբակցության սրտով չէր, թեպետ որոշակի բացառություններ հնարավոր էին համարվել առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների համար:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, հետաքրքրել էր հարցը՝ «ինչո՞ւ պետք է պատմաբան դառնալ ցանկացողին ասեն՝ եթե ուզում ես դառնալ պատմաբան, դարձիր ծառայելուց հետո, իսկ երբ մարդն ուզում է դառնալ հոգևորական, նրան տարկետում տան»:
«Հոգևորականների հետ կապված ոչ մի տեղ չկա գրած, որ հոգևորականն ազատվում է բանակից, հոգևորականներն ազատվում են կառավարության որոշմամբ, այն պարզ պատճառով, որ այլ բուհերում կա, ինչո՞ւ պետք է Գևորգյան ճեմարանում չլինի»,- Փաշինյանին հակադարձել էր Վիգեն Սարգսյանը և հավելել, որ Կաթողիկոսի հետ պայմանավորվածություն ունի՝ եթե բուհերից տարկետման իրավունքը հանվում է, ապա հոգևորականները ևս պետք է գնան ու ծառայեն:
Ընդդիմադիր «Ելք»-ը դեմ լինելով բոլորին բանակ տանելու գաղափարին, հայտարարել էր նաև, որ բանակում չծառայածների իշխանությունը զրկում է երիտասարդներին կրթություն ստանալու հնարավորությունից:
Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր բանակում չծառայած, կամ տարբեր արտոնություններից օգտված ընդդիմադիր պատգամավորներին՝ անուն առ անուն հիշատակելով նրանց:
Այսօր, ինչպես վերևում նշեցինք, այդ արտոնյալ ընդդիմությունից շատերն ԱԺ-ում են, բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում:
Ի դեպ, այսօր ԱԺ-ում ՔՊ-ի առաջադրած ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Թումանյանը հրաժարվել է հայտնել զինվորական ծառայությունից ազատվելու կամ բանակում չծառայելու պատճառը, երբ ԱԺ «Հայաստան» պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց է տվել նրան՝ «2012-ին եք ամուսնացել, ո՞նց եք 94-ին ազատվել ծառայությունից 2 և ավել երեխա ունենալու հանգամանքով»:
Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերի 1-ին ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ 1993-ից մինչև 2000 թվականը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար։
Փաշինյանի համոզմամբ, Վիգեն Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել Զինված ուժերում, բավարար չեն: Իսկ Վիգեն Սարգսյանը դեռ 2016-ին լրատվամիջոցներին ասել էր հետևյալը.
«Ցանկանում եմ հստակ բոլորիդ ասել, որ խորապես անարդար եմ համարում այդ հարցադրումը, պարզ պատճառով, որ ես որևէ տարբերություն չեմ դնում սպայական ժամկետային ծառայության և շարքայինի միջև: Մենք այսօր էլ խթանում ենք և խրախուսում, որ երիտասարդը, ստանալով քաղաքացիական կրթություն, զուգահեռ անցնելով ամբիոն, ստանա սպայի կոչում և անցնի ծառայությունը՝ որպես ժամկետային սպայական ծառայություն անցնող զինծառայող: Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, եթե քաղաքացին բանակ է գալիս ոչ թե որպես շարքային, այլ գալիս է երկու, երեք բարձրագույն կրթությամբ և փորձում է ավելի արդյունավետ ծառայություն բերել իր երկրին, ԶՈՒ-ին և բանակին: Իմ ծառայությունն՝ ի տարբերություն իմ դասընկերների ծառայության, եղել է երեք տարի, ոչ թե երկու, որովհետև ես եղել եմ սպայական ժամկետային ծառայություն անցնող լեյտենանտ: Վերջում ստացել եմ ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: Որտե՞ղ եմ անցել ծառայությունը, որքանո՞վ արդյունավետ, դա այն ժամանակվա իմ ղեկավարության որոշելու խնդիրն է եղել, ունե՞մ բարդույթ, որ չեմ եղել զորքերում, այո, ունեմ այդպիսի բարդույթ»:
Ի դեպ, պաշտպանության նախարարի ծառայել-չծառայելու հարցը քննարկման առարկա էր դարձել և Նիկոլ Փաշինյանին մղել լրացուցիչ պարզաբանումներ ստանալուն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի աղմկահարույց գրառումից հետո, որում նա առանց անուններ տալու՝ նկարագրել էր, թե ինչպես է այդ ժամանակ զորակոչի ու զինծառայության մասին բարձր ամբիոններից ճառող պաշտոնյան ժամանակին խուսափել բանակից:
Իսկ 2017 թվականի նոյեմբերի 13-ին Փաշինյանը տեղեկացրել էր, որ ստացել է զինկոմի պատասխանն իր գրությանը:
«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։
Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետև ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։
Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը:
Իր բանակից ազատվելու փաստին, սակայն, Նիկոլ Փաշինյանն ավելի հանգիստ էր մոտեցել:
«Ես 1991 թվականին զինապարտության մասին օրենքի համաձայն, քանի որ երկու եղբայրներս ծառայած են եղել, երրորդ եղբայրն ազատվել է բանակից։ Քանի որ կասկած կար, թե նման օրենք գոյություն ունեցել է, թե՞ չի ունեցել, ես նաև Ազգային ժողովի արխիվներից այդ օրենքն եմ հանել և համապատասխան հոդվածը հրապարակել»,- լրագրողներին ասել էր ընդդիմադիր Փաշինյանը:
Արդյո՞ք Փաշինյանն իրենց առաջադրած ԲԴԽ թեկնածուի չծառայելու պատճառների բացահայտման հարցում նույնքան նախանձախնդիր կլինի: Արդյո՞ք մի պահ կմտածի՝ պոտենցիալ զորակոչվողների կեսից ավելիին որակումներ տալու բարոյական իրավունքն ունի՞ ինքը: Կամ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կփորձի՞ անկեղծ լինել ծառայելու պատրաստակամության նվազման խնդիրների վերհանման հարցում: Ոչ այս, և ոչ էլ վարժանքների «հրավիրելու» հարցում չպետք է լինեն երկակի ստանդարտներ, ավելին, բանակում չծառայած անձը ցանկացած իշխանության դեպքում չպետք է բարձր պաշտոններ զբաղեցնի, ինչն այսօր առկա է: