Բաժիններ՝

Հրդեհ և պայթյուն Նյու Յորքի Սթեյթեն Այլենդ կղզու չոր նավանորոգարանում. կա 1 զոհ, 30 վիրավոր

Նյու Յորքի Սթեյթեն Այլենդ կղզու նավանորոգարանի չոր դոկում բռնկված հրդեհի և դրան հաջորդած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս ավելի քան 30-ը՝ վիրավորվել (այդ թվում՝ տասնյակից ավելի հրշեջներ): Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ոստիկանության տվյալներով՝ Մարիներս Հարբոր թաղամասի Ռիչմոնդ Թերաս փողոցում գտնվող օբյեկտի հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտավորապես 15:30-ին: Մոտ 45 րոպե անց տեղի է ունեցել պայթյունը:

Նյու Յորքի հրշեջ վարչությունից հայտնել են, որ կրակը նախ բռնկվել է բեռնատար դոկերի հետնամասում գտնվող փոքր մետաղական շինության նկուղում, որտեղ արգելափակված է մնացել երկու բանվոր:

Նյու Յորքի հրշեջ ծառայության կոմիսար Լիլիան Բոնսինյորը հայտարարել է, որ փրկարարական ջոկատները տեղ են հասել ահազանգից 6 րոպե անց, սակայն տարածքում ուժեղ ծխապատում է եղել, իսկ տեսանելիությունը՝ ծայրաստիճան սահմանափակ:

Հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ վտանգավոր գոտուց դուրս է բերվել երկու մարդ, որոնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Քաղաքացիական անձանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից։

Պայթյունը որոտացել է հրշեջների ժամանումից քիչ անց։ Բոնսինյորի խոսքով՝ ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 30 մարդ, որոնց մեծ մասը հրշեջներ ու շտապօգնության աշխատակիցներ են։

Արտակարգ ծառայությունների երկու աշխատակից վնասվածքներով տեղափոխվել է Սթեյթեն Այլենդի համալսարանական հիվանդանոց։ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին, ով մամուլի ասուլիս է տվել հենց հիվանդանոցից, հայտնել է, որ հրշեջ տեսուչներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ հրշեջներից մեկինը՝ ծանր։ Այդուհանդերձ, քաղաքապետը հստակեցրել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մամդանին տեղի ունեցածն անվանել է «բարդ և արագ զարգացող արտակարգ իրավիճակ»։ Նրա խոսքով՝ հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել է հրշեջ ծառայության և շտապօգնության 70 ստորաբաժանում: Դեպքի վայրում աշխատել է արտակարգ ծառայությունների ավելի քան 200 աշխատակից։ Ժամը 20:00-ի դրությամբ հրդեհը հաջողվել է մեկուսացնել, թեև փրկարարական գործողությունը դեռ շարունակվում էր:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս պարզված չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031