Ֆրանսիայի նախագահի նստավայրում խnւզարկություն է իրականացվել կnռուպցիայի գործով
Փարիզի Ելիսեյան պալատում, որտեղ գտնվում է Ֆրանսիայի նախագահի նստավայրը, խուզարկություն է իրականացվել կոռուպցիայի գործով։ Այս մասին գրում է Le Monde-ը։
Պարբերականի տվյալներով՝ հետաքննությունը վերաբերում է Shortcut Events ընկերության հետ կնքված մի քանի պայմանագրերի, որը զբաղվում էր պետական խոշոր միջոցառումների կազմակերպմամբ։
Ընդ որում, հետաքննությունն անմիջականորեն չի առնչվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ինչպես գրում է Le Monde-ը, քննիչները փորձել էին նստավայրում խուզարկություն իրականացնել դեռևս ապրիլի 14-ին։ Այդ ժամանակ աշխատակազմն արգելել էր դա անել՝ հղում անելով Ֆրանսիայի Սահմանադրության 67-րդ հոդվածին, որը երաշխավորում է նախագահի աշխատակազմի հետ կապված տարածքների անձեռնմխելիությունը։ Սակայն ավելի ուշ Ազգային ֆինանսական դատախազությանը, այնուամենայնիվ, թույլատրվել է խուզարկություն անցկացնել։
Հետաքննությունը սկսվել է ֆրանսիական լրատվամիջոցների հրապարակումներից հետո։ Լրագրողները պարզել են, որ Shortcut Events-ը 22 տարի շարունակ հաղթել է Պանթեոնում բոլոր արարողությունների կազմակերպման պայմանագրերի մրցույթներում, որտեղ թաղված են ֆրանսիական պատմության ականավոր գործիչները։
Բացի այդ, նույն ընկերությունն է զբաղվել 2024 թվականի միջոցառումներով, որոնք նվիրված էին Օմահա լողափում դաշնակիցների դեսանտի իջեցման (Նորմանդական օպերացիայի) 80-ամյակին։
Ընկերությունը կասկածվում է պայմանագրերը կոռուպցիոն ճանապարհով ստանալու մեջ։ Խուզարկություններ են անցկացվել նաև Shortcut Events-ի գրասենյակում և Ազգային հուշարձանների կենտրոնում, որը հանդես է եկել որպես միջոցառումների պատվիրատու։



