ԱՄՆ-ի կողմից ցանկացած «հիմարության» դեպքում դիմակայության նոր սցենարներ կգործարկվեն․ Իրանի ԶՈւ
Ռազմական աղբյուրը վճռականորեն զգուշացրել է հակառակորդներին Իրանի դեմ հնարավոր գործողությունների հետևանքների մասին՝ հայտարարելով, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայել ցանկացած թշնամական քայլի։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Իրանի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և պատրաստել են ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին դիմակայելու նոր սցենարներ՝ այն դեպքի համար, եթե հակառակորդը որևէ պատրվակով հիմարություն թույլ տա», – նշել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրն ընդգծել է, որ «որևէ անխոհեմ քայլի» դիմելու դեպքում թշնամիները ականատես կլինեն Իրանի մարտական գործողությունների երրորդ՝ նորացված տարբերակին։
Նա հավելել է, որ այս երրորդ տարբերակն ի ցույց կդրվի ինչպես նոր սպառազինության ու նոր թիրախների, այնպես էլ մարտավարության և ռազմական ռազմավարության մակարդակում։
Աղբյուրի խոսքով՝ միջտարածաշրջանային նոր ճակատների բացումը թշնամիներին ստիպելու է զղջալ Իրանի նկատմամբ իրենց թշնամանքի համար։
Ռազմական աղբյուրն այնուհետև նշել է, որ ԱՄՆ-ն քաջ գիտակցում է, որ ռազմական ճանապարհով առավելության հասնելու կամ զիջումներ կորզելու ցանկացած հնարավորություն իրենց համար փակ է։ «Չափազանցված պահանջների, արդարացումների կամ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Միացյալ Նահանգները մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում կենթարկվեն երրորդ լրջագույն պատժին՝ էլ ավելի կոնկրետ ու նոր մեթոդով»,- հավելել է նա։



