«Հայոց պատմություն-7» դասագրքի միայն տպագրման և առաքման համար ծախսվել է 33 մլն 712.800 ՀՀ դրամ. ԴՏՀՏՇ հիմնադրամ
Օրերս 168.am–ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը՝ մասնավորապես պարզելու, թե հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի տպագրության համար որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից, որքա՞ն է կազմել տպագրության բյուջեն, արդյո՞ք տրամադրված ամբողջ գումարն օգտագործվել է։
Նախարարությունից տեղեկացրել էին, որ «ՀՀ պետական բյուջեի միջոցներով տպագրվում են 1-4-րդ դասարանների դասագրքերը, իսկ 5-12-րդ դասարանների դասագրքերը տպագրվում են Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից, որտեղից էլ հնարավոր է ստանալ պահանջվող տեղեկատվությունը»:
168.am-ն իր հարցերն ուղղել է նաև Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու՝ ԴՏՀՏՇ հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանին, հետաքրքրվելով՝ թե որքա՞ն է կազմել 5-7 դասարանների «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի տպագրության բյուջեն։
Փորձագետները մատնանշել են «Հայոց պատմություն» դասագրքում առկա բազմաթիվ անճշտություններ, սխալներ, վրիպակներ, հաշվարկե՞լ են, որքա՞ն գումար պետք է հատկացվի դրանք վերացնելու համար։ Եվ տպագրված «Հայոց պատմության» դասագրքերն ի՞նչ փորձաքննություն են անցել, մինչև դպրոց հասնելն ի՞նչ փուլեր են անցել։
Հիմնադրամից ուղարկած պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ՝
«Հանրակրթական պետական չափորոշիչի համաձայն 5-րդ դասարանում «Հայոց պատմություն-5» դասագիրք չի նախատեսվում։ Իսկ «Հայոց պատմություն-7» դասագրքի համար հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերով ձևավորվել է պատվեր՝ 40864։ Նշված քանակով դասագրքերի հրատարակման (տպագրում, ՀՀ մարզեր և Երևանի քաղաքապետարան առաքում) համար ծախսվել է 33 մլն 712.800 ՀՀ դրամ։
Ձեր կողմից նշված «Հայոց պատմություն-7» դասագրքերում առկա անճշտությունների, սխալների և վրիպակների վերացման համար Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից գումար չի հատկացվել և չի կարող հատկացվել։
Հիմնադրամը չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե «Հայոց պատմություն-7» դասագիրքը մինչև դպրոց հասնելը փորձաքննության ինչ փուլեր է անցել՝ հարցը հիմնադրամի գործառույթներից դուրս է»։