ԲՏԱ-ից 10 միլիոն և ավելի դրամաշնորհ՝ ուսուցիչներին ուղղված «Նոր դաս» խաղային հավելվածի համար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 միլիոն դրամ դրամաշնորհ է հատկացրել Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամին՝ «Նոր դաս հավելված ուսուցիչների համար» ծրագրի իրականացման համար:
Պետգնումների armeps համակարգում 2023 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակված պայմանագրից տեղեկանում ենք, որ հերթական դրամաշնորհը տրվել է 2022 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի շրջանակում:
Ըստ պայմանագրի՝ «Նոր դաս» հավելվածը գեյմիֆիկացված միջավայր է մանկավարժական գիտելիքների և հմտությունների զարգացման համար:
«Մուտք գործելով հավելված՝ ուսուցիչը հնարավորություն է ստանում խաղային սկզբունքով կազմված հարցերին պատասխանելու, իրավիճակային խնդիրներ լուծելու և այլ ինտերակտիվ բովանդակային ընթացակարգեր հաղթահարելու միջոցով զարգացնել սեփական մանկավարժական գիտելիքներն ու հմտությունները»,- նշված է պայմանագրի վերջին էջում:
Ի դեպ, այս հիմնադրամին նախարարությունը 2022 թվականին ևս երկու դրամաշնորհ է հատկացրել նույն նպատակով:
Հիմնադրամի մասին
Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամը, ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին: Կազմակերպության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վաղարշակ Մատիկյանին, որը 2023 թ. փետրվարի 6-ին նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար: