Հաղորդումը ներկայացրել է Արթուր Սաքունցը. ես չգիտեի, որ ինքն իմ ֆանատն է. Հայկ Մամիջանյան
Փաշինյանը մեզ իր արշինով է չափում. ՀՀԿ հիմնադիր հայրերն անցել են սովետական КГБ-ի մամլիչի միջով և պատվով շարունակել իրենց ազգանվեր գործունեությունը. Հայկ Մամիջանյան
Այսօր` ժամը 10:00-ից, Քննչական կոմիտեում (ՔԿ) հարցաքննվում է Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք` Հայկ Մամիջանյանը ՔԿ-ի հետաքրքրությունների տիրույթում հայտնվելու մասին իմացել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական առաջին նիստի օրը, երբ գալիս էր դատարանում աջակցելու վերջինիս։
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով: Վարույթի նախաձեռնման հիմքում դրվել է սույն թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային Ժողովում իմ տված ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերս»,- նոյեմբերի 10-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Հարցաքննությունից հետո Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցաքննության ժամանակ պարզվել է՝ իր դեմ հաղորդումը ներկայացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ես չգիտեի, որ Սաքունցն իմ արվեստի մեծ ֆանատն է: Թող շարունակի լսել իմ ասածները, գուցե իրեն մի օգուտ տա: «Հայրենասիրություն» բառը հավանաբար պարոն Սաքունցը չի սիրում, նյարդային բաներ է ունենում այդ բառը լսելուց»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Վերջինս նշեց՝ ինքը մանրամասն հենց ճեպազրույցի օրը մեկնաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, նույնն ասել է նաև ՔԿ-ում, ու այս պահին իրեն այլ հարցեր չեն ուղղել:
«Թեև ես ներգրավված եմ որպես վկա, բայց ակնհայտ է, որ սա պարզագույն քրեական հետապնդում է: Բնականաբար, այն պայմանավորված է իմ քաղաքական գործունեությամբ, բայց սա համադրելով այն ամենի հետ, ինչ անում են մեր ընկերների՝ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, 50 քաղբանտարկյալների հետ մեր երկրում, սա նույնիսկ ուշադրության արժանի չէ»,- ասաց պատգամավորը:
Հայկ Մամիջանյանը նշեց՝ ինքը թքած ունի նման «ճնշումիկների» նկատմամբ, և, որ սրանով իր գործունեությունը սահմանափակել չեն կարող:
«Իմ ամբողջ ելույթի տրամաբանությունը կայանում էր նրանում, որ եթե հերթական անգամ Փաշինյանը որոշի արյուն թափել, ապա դրանից վախեցող չկա»,- ասաց նա:
Պատասխանելով Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) https://168.am/2023/11/14/1957537.html վերջերս քաղբանտարկյալների հարցով ՀՀ իշխանությունների վերաբերյալ հերթական բանաձևի մասին հարցին՝ Հայկ Մամիջանյանը շեշտեց՝ ԵԺԿ-ի կոչը վերաբերում էր ոչ միայն ընդհանրական քաղբանտարկյալներին, այլև մատնանշում էր, որ Արմեն Աշոտյանի գործը բացարձակապես հիմնազուրկ է, և պահանջում էր ազատ արձակել նրան:
«Կսթափվեն թե չէ, իրենց գործն է: Ամեն դեպքում ԵԺԿ-ն Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքն է և իշխանություն է բազմաթիվ եվրոպական երկրներում: Եթե հետևություն պիտի անեն, ապա շատ ուշադիր ականջալուր պետք է լինեն ԵԺԿ-ի խոսքին»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ իրենք պայքարում և պայքարելու են հայրենիքը հանձնելու դեմ, իսկ խաղաղության որևէ մեկը դեմ չէ:
«Եթե Փաշինյանը որոշել է մեզ փորձել վախեցնել քրեական գործերով կամ մեր որոշ ընկերների պարագայում՝ նաև ազատությունից զրկելով, ապա ինքը մեզ իր արշինով է չափում: Դրանից վախեցող չկա: ՀՀԿ հիմնադիր հայրերն անցել են սովետական КГБ-ի մամլիչի միջով և պատվով շարունակել իր ազգանվեր գործունեությունը»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: