Ո՞վ է ՌՈ պետի պաշտոնի նոր հավակնորդը. «Հրապարակ»
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել, նա ճամպրուկային տրամադրություն ունի։ Ուժային համակարգի մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ընկերոջ` Աշոտ Զաքարյանի տեղին է հավակնում Երեւանի նախկին ոստիկանապետ, փրկարար ծառայության նախկին տնօրեն Արմեն Գասպարյանը։ Զաքարյանի «կյանքը» Ռազմական ոստիկանությունում կավարտվի հաջորդ տարվա հոկտեմբերին, երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը։ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանի ընկերոջը «դոբրիով» ճանապարհելու համար որոշել է ոչ թե պաշտոնանկ անել, այլ չերկարացնել 2020-ից ՌՈ պետի աթոռը զբաղեցրած գեներալ-մայոր Զաքարյանի պայմանագիրը։ Որպեսզի այս յուղոտ պաշտոնի հավակնորդների շրջանակը չմեծանա, Գասպարյանը մի տարի շուտ է սկսել զբաղվել իր պաշտոնի հարցով։ Նա բացահայտորեն մտերիմների շրջանում գլուխ է գովում, թե դառնալու է Ռազմական ոստիկանության պետ` խոստացել են։ Այդ պաշտոնին գնալու համար իր ունեցած կոչումը բավարարում է օրենքով նախատեսված պահանջներին, մնում են երաշխավորները։
Ասում են՝ Գասպարյանը փորձել է հովանավորներ գտնել իշխանության ազդեցիկ դեմքերի շրջանակից, մասնավորապես դիմել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, խնդրել է բարեխոսել իր համար։ Հիշեցնենք, որ ոստիկանությունում Գասպարյանի կարիերան ավարտվեց 2020թ․ նոյեմբերին, երբ դաժան ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նոյեմբերի 9-ի առավոտյան հայտնի դարձավ, որ այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ, այժմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հրամանով Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ։
Հինգ ամիս ոստիկանության կադրերի ռեզերվում մնալուց հետո Գասպարյանը կրկին լուծեց իր հարցերը` մարտի 2-ին նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ հույս ունենալով, որ ՆԳՆ ձեւավորումից հետո Արմեն Փամբուխչյանը կդառնա նախարար, ինքն էլ՝ փոխնախարար։ Սակայն այստեղ էլ Գասպարյանին բախտը չժպտաց։ Ներքին գործերի նախարարության ձեւավորումից հետո փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ նշանակվեց ոչ թե ինքը, այլ՝ Կամո Ցուցուլյանը, իսկ Գասպարյանը կրկին գնաց կադրերի ռեզերվ։