Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է պատերազմին մասնակցելու մեջ և հայտարարել պատասխան քայլերի իրավունքի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր բրիտանացի պաշտոնակից Էդ Միլիբենդին հայտնել է, որ Թեհրանի կողմից ագրեսոր համարվող պետությունների հետ ցանկացած համագործակցություն «անընդունելի» է և միջազգային իրավունքի համաձայն կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտ, հայտնում է Mehr-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին քննադատել է իրանական զինված ուժերի նկատմամբ Մեծ Բրիտանիայի վերջին որոշումը և Լոնդոնին մեղադրել է երկու պատերազմներին ներգրավված լինելու մեջ, որոնք, նրա խոսքով, Իրանին պարտադրվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Իրանցի նախարարը հայտարարել է, որ բրիտանական մոտեցումն «անհիմն» է և վերանայման կարիք ունի։
Արաղչիի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս իրավիճակի պատճառը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն են։ Նա նշել է, որ Թեհրանը դիվանագիտական գործընթացին մասնակցել է բարեխղճորեն և հունիսի 18-ին ձեռք է բերել կրակի դադարեցման հուշագիր, սակայն ԱՄՆ-ն, նրա փոխանցմամբ, կրկին խախտել է իր պարտավորությունները և արգելափակել դրա իրագործումը։
Իրանի ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր է Օմանի հետ համատեղ ստեղծել մեխանիզմներ՝ այդ ռազմավարական ջրային ուղիով նավերի տարանցումը կառավարելու համար՝ նախազգուշացնելով, որ երրորդ երկրների միջամտությունը կարող է միայն մեծացնել լարվածությունը։
«Միջազգային իրավունքի և ագրեսիայի սահմանման վերաբերյալ բանաձևի համաձայն՝ ագրեսոր կողմերին երկրի տարածքն ու օբյեկտներն այլ պետության վրա ապօրինի հարձակման համար օգտագործելու թույլտվությունը հանդիսանում է ագրեսիայի ակտ և օրինական ինքնապաշտպանության իրավունք է տալիս հարձակման ենթարկված երկրին», — հայտարարել է Արաղչին։
Իր հերթին, Էդ Միլիբենդն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան Իրանի դեմ պատերազմի կողմ չէ և կողմնակից է հակամարտությունների դիվանագիտական կարգավորմանը։
Բրիտանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Թեհրանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով։

