Փաշինյանը նախագծի կարգավորումները չի հասկանում, դրա համար մարզերում եկամտահարկի վերադարձը դադարեցնելու նախագիծը հանվեց օրակարգից
Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։
Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ եթե գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով հիփոթեքային վարկի վարկառուի և առկայության դեպքում համավարկառուների վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը։
Նիկոլ Փաշինյանը խնդրահարույց է համարել նախագծում առկա որոշ դրույթներ և առաջարկել է նախագիծը հանել օրակարգից, լրամշակել ու կրկին ներկայացնել կառավարության քննարկմանը։ Վարչապետի առաջարկն ընդունվեց, նախագիծը հանվեց նիստի օրակարգից։