Բաժիններ՝

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը չի գրոհել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա

Իրանի իշխանություններն առնչություն չունեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա գրոհներին՝ չնայած իրենց աջակցությանը ՀԱՄԱՍ-ին և դրան աջակցող խմբավորումներին։ Այդ մասին CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Իրանը կապ չունի տարածաշրջանում ամերիկյան ուժերի վրա ոչ մի հարձակման հետ», – ասել է նա՝ հավելելով, որ Սիրիայում և Իրաքում ամերիկյան ուժերի վրա հարձակումներն իրականացրել են այլ ուժեր՝ «իրենց սեփական որոշմամբ»։

Պաղեստինաիսրայելական ներկայիս հակամարտության ընթացքում ԱՄՆ ռազմակայանները Սիրիայում և Իրաքում հարձակումների են ենթարկվել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ: Պենտագոնի մամուլի քարտուղարը նոյեմբերի 9-ին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ից նման գրոհների թիվը հասել է առնվազն 46-ի։

Թեհրանին մեղադրում են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը և Լիբանանում, Սիրիայում, Իրաքում ու Եմենում տարբեր խմբավորումների զինելու մեջ։ Իրավանին հայտնել է, որ Իրանը «չի պատրաստվում ընդլայնել առաջնագիծը», և աշխատել է տարածաշրջանում իր գործընկերներին հանդարտեցնելու ուղղությամբ, սակայն, ըստ նրա, մյուսները նույնպես պետք է անեն իրենց գործը։

Նոյեմբերի 8-ին Եմենի «Անսար Ալլահ» խռովարարական շարժումը հայտարարել էր, որ հութիները երկրի տարածքային ջրերի երկնքում խոցել են ամերիկյան MQ-9 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Նոյեմբերի 9-ին ամերիկյան ուժերը բախումների էին բռնվել Սիրիայի բանակի զինվորների հետ Դեյր էս Զորի նահանգում, իսկ նոյեմբերի 8-ին ԱՄՆ զինված ուժերը «ինքնապաշտպանական» հարված էին հասցրել Սիրիայում զենքի պահեստին, որը, Վաշինգտոնի պնդմամբ, օգտագործվում էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դրա հետ կապված խմբավորումների կողմից: Նոյեմբերի 8-ին Իրաքում ամերիկյան ռազմաբազան ևս ենթարկվել էր հարձակման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս