Նրանք նշաձողը քայլ առ քայլ իջեցնելով՝ հիմա փորձում են ընդհանրապես զրոյացնել Արցախի իրավունքները՝ ըստ էության հաստատելով ադրբեջանական թեզերը. Դավիթ Գալստյան

Հոկտեմբերի 17-ին, Փաշինյանը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում՝ «ժողովրդավարությանը», Արցախում ադրբեջանական գործողություններին հետևած իրադարձությունների ժամանակ ռուս խաղաղապահներից օգնություն չստանալուն, Արցախից Հայաստան տեղափոխված արցախահայերին աջակցելու գործում ԵՄ-ից ակնկալվող օժանդակությանը, Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն, ակնարկեց նաև  ԵՄ-ին առավել մոտ լինելու պատրաստակամությանը:

Նա միևնույն ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանին հաջողվել է Արցախից բռնի ձևով տեղահանվածներին հավուր պատշաճի ընդունել այնպես, որ դա զարմացրել է անգամ միջազգային գործընկերներին:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ, և պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք: Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել՝ առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու»,- հայտարարել էր Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը «մոռացավ» բարձրաձայնել արցախցի մեր հայրենակիցների ինքնորոշման, այլ իրավունքների ու անվտանգության խնդիրների մասին:

Կարդացեք նաև

Ի դեպ, հենց նույն օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վարանդայի (Ֆիզուլի) բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է, ինչը մեծ երջանկություն է»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի այսպիսի դրսևորումը նպատակ ունի հաստատելու Ալիևի առաջ քաշած թեզը՝ Արցախյան խնդրի փակ լինելու վերաբերյալ, Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը 168.amին տված հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Փաշինյանը խոսում էր արցախահայության ֆիզիկական անվտանգության և իրավունքների մասին, իսկ այժմ այդ հարցերը, կարծես, այլևս իրենց համար գոյություն չունեն:

«Ընդ որում, չմոռանանք, որ նա հայտարարում էր ոչ թե արցախցիների ինքնորոշման, այլ պարզապես իրավունքների պաշտպանության մասին: Այսօր տեսանք, որ նրանք չկարողացան ապահովել և՛ ֆիզիկական անվտանգությունը, և՛ իրավունքները ոտնահարվեցին՝ բոլոր ատյաններում: Նրանք նշաձողը քայլ առ քայլ իջեցնելով՝ հիմա փորձում են ընդհանրապես զրոյացնել Արցախի իրավունքները, իսկ անվտանգության մասին առավել ևս արդեն խոսք չի գնում, քանի որ արցախահայությունն այլևս Արցախում չէ»,- ասաց Գալստյանը՝ տեսակետ հայտնելով, որ գործող իշխանությունների թեզերը համահունչ են Ալիևի վերջին հայտարարությանը՝ Արցախի թեման մեկընդմիշտ փակելու վերաբերյալ:

Արցախի ինքնորոշման ու մյուս խնդիրների համար մղվող պայքարը միայն ներկա սերնդինը չեն, ուստի պատգամավորի համոզմամբ՝ մեր պարտքն է հայկական Արցախ ժառանգել եկող վաղվա սերունդներին:

«Եթե այդ կոնտեքստում նայենք, ապա այո՛, մենք՝ արցախահայերս, մանավանդ Արցախի իշխանությունները, շատ գործողություններ պետք է կատարենք, որպեսզի կարողանանք դիմակայել ո՛չ միայն Ադրբեջանի կողմից տեղեկատվական «հարձակումներին», այլև աշխատել ՀՀ իշխանությունների հետ, այդ հարցերը բերել օրակարգ, որպեսզի նրանք նույնպես հասկանան, որ Արցախի հարցը միայն իրենց հարցը չէ, և դա հայկական հարց է: Նրանք պետք է նաև հասկանան, որ իրենք իրավունք չունեն, ընդհակառակը, պարտականություններ ունեն, որպեսզի մի օր կարողանանք վերադառնալ ու տեսնել իրական, հայկական Արցախը»,- ասաց Արցախցի պատգամավորը:

Անդրադառնալով Փաշինյանի երեկվա ելույթի այն հատվածին, թե Հայաստանում թե Կառավարությունը, և թե ժողովուրդը  տեղահանված արցախցիների «հավուր պատշաճի» ընդունելություն է իրականացրել, Գալստյանն ասաց, որ Հայաստանի հասարակությունն իրոք շատ ջերմ է ընդունել արցախցիներին: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ծրագրերին, Գալստյանը համոզմունք հայտնեց, որ դրանք բավարար չեն արցախցիների խնդիրները լուծելու համար:

«Մենք տեսնում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների, տարբեր անհատների, որոնք փորձում են թեթևացնել մեր տեղահանված ժողովրդի օրվա հոգսերը: Բայց այն ծրագրերը, որոնք այսօր հայտարարված են կառավարության կողմից՝ բավարար չեն, քանի որ մարդիկ տասնամյակներ շարունակ քրտինք են թափել, ունեցվածք են ձեռք բերել: Բայց այսօր  ո՛չ փոխհատուցման մասին, ո՛չ էլ մեկ  շնչի հաշվարկով՝ 40+10 հազ. դրամները, եթե մտածենք, ապա համահունչ չեն այսօրվա իրականությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվող ծրագրերը չեն կարող աջակցել ընտանիքներին՝ մինչև նրանց կողմից աշխատանքի տեղավորվելու ու նոր պայմաններին ընտելանալու գործընթացի ավարտը:

Անդրադառնալով Արցախի պետական մարմինների հետագա գործունեության վերաբերյալ ծավալվող քննարկումներին, Գալստյանը պնդեց, որ Արցախի ԱԺ-ն ժողովրդի կողմից ընտրված մարմին է, և որևէ մեկը չի կարող լուծարել այն:

«Երբ կսկսի գործունեություն ծավալել՝ կհասկանանք՝ առկա շոկային իրավիճակի ավարտից հետո: Քանի որ այսօր ժողովրդի մոտ սոցիալ-հոգեբանական վիճակն այլ է՝ փոխվել են միայն առաջնահերթությունները: Մյուս հարցերը ժամանակի ընթացքում կիրականացվեն: Կա և՛ այդ ժողովուրդը, և՛ այդ կառույցը»,- եզրափակեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս