Ապօրինի կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 46-ամյա մի տղամարդ տեղի ռեստորաններից մեկին կից հողամասում կանեփ է աճեցնում:
Տեղեկությունները ստուգելու համար հոկտեմբերի 6-ին բաժանմունքի ծառայողները մեկնել են նշված հասցե: Տղամարդը նրանց է ներկայացրել մարիխուանայի նմանվող զանգված: Նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:
Հոկտեմբերի 10-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները կանեփ աճեցնելու և ապօրինի թմրանյութ պահելու տեղեկությունների հետքերով մեկնել էին Խոյ գյուղ: Նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը իրավապահներին հայտնել է, որ պահում է թմրանյութի չոր զանգված: Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել տղամարդու տանը: Նա իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 25 գրամից ավելի զանգված: Նաև հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը ինքն է պատրաստել:
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այգեկ գյուղի 65-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Տեղեկությունները իրացնելով՝ նույն օրը ոստիկանները մեկնեցին նշված հասցե: Տղամարդը հայտնել, որ թմրանյութ ունի և պատրաստ է ներկայացնել ոստիկաններին: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննություն կատարվեց տղամարդու տանը: Նա իրավապահներին ներկայացրեց 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: