ՀԱՆՁՆՈՒՄ՝ Արցախի, Հայաստանից նոր տարածքների, «Զանգեզուրի միջանցքի». Վարուժան Գեղամյան. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հայաստանի դե ֆակտո իշխանությունները 2020թ. համաձայնել է ադրբեջանա-թուրքական տանդեմի բոլոր պահանջներին՝ փուլ առ փուլ կատարելու պայմանով:
- Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրը, Հայաստանի Հանրապետության 32-ամյակին, Հայաստանի Հանրապետություն փաստացի գոյություն չունի: Չկա պետության գլխավոր նպատակը՝ անվտանգության ապահովումը, հետևաբար՝ չկա նաև պետություն: Մենք գործ ունենք պետության փաստացի փլուզման հետ:
- Ի՞նչ է լինելու հաջորդիվ՝
1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։
2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինի մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։
3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։
4. Սյունիքով և Տավուշով Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մեկը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն է»։
5. Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխություն։
7.Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հետապնդում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն՝ բանակում ծառայելու) համար։
- Էս ամենը երաշխավորված կլինի, եթե Հայաստանում մնա այսօրվա դե ֆակտո իշխանությունը, ով էս ամենի գլխավոր, միակ մեղավորն է։
- Հիշենք, որ «անկլավները» հերթական տարածք չեն. դրանք ռազմավարական խորության ապահովման տեսանկյունից կարևորագույն տրանսպորտային ճանապարհներ են: Իսկ թե ինչ է լինում ադրբեջանական վերահսկողություն ունեցող հայկական ճանապարհների հետ, կարելի է տեսնել Գորիս-Կապան ճանապարհի օրինակով:
- Այս տաղավարից ոչ շատ հեռու գտնվող բակերից մեկում գտնվում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանի տան մնացուկները, որը Ադրբեջանը պահանջում է վերանորոգել ու ճանաչել՝ որպես Ադրբեջանի մշակութային ժառանգության մաս:
- Ադրբեջանցիների՝ ՀՀ-ում վերաբնակեցումը պատրվակ է՝ ցանկացած պահի ռազմական միջամտություն իրականացնել Հայաստանում:
- Պահանջ է դրված Ադրբեջանի կողմից փոխել ՀՀ դասագրքերը, որոնցում չի լինի հիշատակություն Ցեղասպանության, Արցախի, ազատագրական պայքարի մասին, ինչն արդեն, ի դեպ, մեկնարկել է:
- Եթե փոխվի ՀՀ դե ֆակտո իշխանությունը, մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ բարելավել մեր դիրքերն ու ամրացնել մեր անվտագային ճարտարապետությունը:
- Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ճարտարապետությունը կառուցում ու թելադրում էին Հայաստանի Զինված ուժերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարությունները համաձայնեցնում էին Հայաստանի հետ: 2018թ.-ից հետո մենք կորցրել ենք այդ դիրքը. ամեն ինչ վճռում են առանց մեզ:
- Այս տարածաշրջանում ներգրավված բոլոր երկրներին ձեռնտու էր կառավարելի Հայաստան: Այս առումով 2018թ. տեղի ունեցածը ձեռնտու էր բոլորին:
- ՀՀ դե ֆակտո իշխանությունը որդեգրել է մի գիծ, որը ենթադրում է ՀՀ-ից ռուսական ազդեցության հեռացում: Երբ ռուսներին հանեն այստեղից, Արևմուտքն իր դաշնակից Թուրքիային պատվիրակելու է, որ վերահսկի Հարավային Կովկասը:
- Արևմուտքի համար Հայաստանն արժեքը կորցնելու է այն պահին, երբ Ռուսաստանն այլևս այստեղ չլինի: Հակառակ գործընթացն էլ կա: Իրանի ու Ռուսաստանի համար էլ հետաքրքիր ենք այն պատճառով, որ դեռևս հնարավորություններ ունենք դիմակայելու Արևմուտքին:
- Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն աշխատում են Ռուսաստանի հետ այս տարածաշրջանի հարցով՝ կիրառելով տնտեսական, քաղաքական և դիվանագիտական բոլոր գործիքները:
- Թուրքիան և Ադրբեջանը հսկայական գումարներ են ծախսել ռուսական ռազմաքաղաքական էլիտայում ազդեցության գործակալներ ունենալու համար:
- Դաշնակիցը տրված մեծություն չէ, այն ամենօրյա աշխատանք է պահանջում:
- Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին չլինելը կփոխի իրերի ողջ տրամաբանությունը:
- Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը երբեք չեն հայաթափվել: Նրանք մշտապես եղել են պետականության կրողը: Հիմա խոցվում է այդ հենասյուներից գլխավորը՝ Արցախը: Երբեք մենք չենք ունեցել իշխանություն, որը բացահայտորեն կսպասարկեր թշնամու շահը, ինչպես այսօր:
- Հիշենք՝ ինչ արեց Արամ Մանուկյանը. նա որոշեց՝ ովքեր հասկանում են վիճակի լրջությունը, պետք է զբաղվեն մեր լինելիության խնդրով: Լավ իմաստով դարձավ Երևանի դիկտատոր, դիմեց Կաթողիկոսին, ով նույնպես չհրաժարվեց պատասխանատվությունից, ու կազմավորեց պետություն, դժվարությամբ, բայց արեց: Հիմա պետք է ընդդիմությունը նույնն անի, բայց մինչ այդ պետք է հասկանալ, որ սա ազգային-ազատագրական պայքար է:
- Քաղաքացուն ուզում եմ ասել՝ գիտեմ, որ շատ ծանր է, բայց լիարժեք վերջը չէ, պետք չէ հուսահատվել: Եթե վերջը լիներ, Թուրքիան ու Ադրբեջանը հսկայական գումարներ չէին ծախսի մեզ ճնշելու համար: Ունենք ռեսուրս, պետք է ապավինել մեր ուժերին:
Մանրամասները՝ տեսանյութում: