Դաշնակցությունը «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» հետ քննարկում է միասնական ցուցակով հանդես գալու հարցը
Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու (քաղաքապետի) ընտրություններին մասնակցելու վերաբերյալ առայժմ հայտարարություն են արել միայն Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և «Օրինաց Երկիրը» (ՕԵԿ): Այս կուսակցությունները Երևանի ավագանու թեկնածուների նախընտրական ցուցակի առաջին եռյակը ներկայացնող դեմքերին որոշել են: Ընդդիմադիր քաղաքական ուժերը, սակայն, այս կապակցությամբ վերջնական որոշում չունեն, նույնիսկ՝ հնարավոր մասնակցության վերաբերյալ: Ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր և գործիչներ Երևանի ավագանու ընտրություններին առաջարկում են հանդես գալ միասնական թեկնածուով՝ «Ժառանգություն» կուսակցության հետ միասին: Բնականաբար, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ այսօր ընդդիմության հիմնական առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով այս օրերին մեծ հանրահավաքներ է անցկացնում՝ ընդդեմ ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կեղծիքների: Երևանի ավագանու ընտրությունների մասին զրուցեցինք ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ:
– Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու առաջարկի շուրջ Դաշնակցությունն ունեցե՞լ է հանդիպումներ մյուս ուժերի հետ:
– Որոշակի ձևաչափերով «Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) հետ այդ հարցը քննարկելու առիթ ունեցել ենք:
– Իսկ կուսակցության ներսում քննարկումներն ավարտվե՞լ են:
– Բնականաբար՝ ոչ: Քննարկումները զուգահեռաբար են գնում, մեկը մյուսից պետք չէ առանձնացնել:
– Ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ հայտարարությունը՝ ուղղված ոչ իշխանական չորս ուժերին, հաջորդեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի նույնաբովանդակ առաջարկին: Ինչո՞ւ եղավ հայտարարություն՝ նախաձեռնության, այլ ոչ թե՝ եղած նախաձեռնությանը միանալու մասին:
– Ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել պարոն Զուրաբյանին, բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ պատշաճ կլիներ՝ քանի որ նման հայտարարություն արդեն ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի կողմից հնչեցվել էր, որ Լևոն Զուրաբյանն արձանագրեր այդ փաստը, որ նման գործընթաց արդեն կա, և պատրաստակամություն հայտնեին իրենք ևս մասնակցել այդ գործընթացին, ոչ թե փորձեին տպավորություն ստեղծել, որ այդ առաջարկությունն իրենք են բարձրացնում:
– Խոսվում է չորս ուժերի՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության»՝ միասնական ցուցակով հանդես գալու մասին, բայց դուք՝ Դաշնակցությունը, ո՞ւմ հետ է առավել հավանական համարում միասնական ցուցակ ունենալը՝ հաշվի առնելով նաև գաղափարական ընդհանրությունները:
– Երևանի ավագանու ընտրություններն, ի տարբերություն նախագահի և առհասարակ համապետական ընտրությունների, մի առանձնահատկություն ունեն, որ այստեղ գաղափարական-քաղաքական տարբերություններն այդքան էլ չեն կարևորվում: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞ր ուժերի հետ է ՀՅԴ-ն հակված միասնական ցուցակ ունենալ, ապա ես արդեն ասացի՝ ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ արդեն որոշակի քննարկումներ ունենք: Եթե ՀԱԿ-ի կողմից էլ նման ցանկություն կա, ապա այդ ցանկությունը կարող է պաշտոնական բնույթ ստանալ:
– ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ հանդիպումներում միասնական ցուցակ ունենալու նախադրյալներ ուրվագծվո՞ւմ են:
– Այսօրվա վիճակը հուսադրող է, հնարավոր է՝ միասնական ցուցակ ի հայտ գա:
– Թեև ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ որևէ քննարկում կուսակցության քաղխորհրդի նիստում այս թեմայի վերաբերյալ չի եղել, սակայն մամուլում գրվեց, որ կուսակցությունն արդեն ունի իր ցուցակը, հայտնի են անգամ ցուցակի առաջին երեք գործիչների անունները: Նման տեղեկատվությունից հետո բանակցությունների հետագա ընթացքն արդյունավետ համարո՞ւմ եք:
– Մամուլի հրապարակումները դեռ չեն նշանակում, թե դրանք իրականություն են: Փորձ ունենք, որ նման «հավաստի» աղբյուրներից ստացված տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը: Մենք չենք առաջնորդվում ասեկոսեներով կամ նման աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա գրված հրապարակումներով: ԲՀԿ-ն քանիցս հայտարարել է, որ վերջնական որոշում չունեն: Եթե ԲՀԿ-ի պաշտոնական աղբյուրները դա են ասում, ապա որևէ հիմք չունենք չհավատալու և չվստահելու:
– Ի՞նչ եք կարծում՝ ցուցակը գլխավորելու հարցը խոչընդոտ չի՞ հանդիսանա միավորվելու համար:
– Հուսանք, որ քաղաքական ուժերը ողջախոհություն կդրսևորեն, և լուծումները կգտնվեն:
– Դաշնակցությունը պատրա՞ստ է թեկնածուների ցուցակի առաջին տեղը զիջել:
– Դաշնակցությունը երբեք ամբիցիաներով չի տարվել, միշտ ընդհանուր շահն է վեր դասել:
– Եթե միասնական ցուցակ կազմել չհաջողվի, չի՞ ստացվի, որ ընդդիմադիր ուժերը կմրցեն միմյանց դեմ:
– Ստեղծված քաղաքական իրավիճակը հաշվի առնելով և հասարական պահանջը՝ ընդդիմությանը տեսնել միասնական ճակատով, կարծում եմ, ճիշտ կլինի թե՛ ժողովրդական շարժմանը նոր շունչ հաղորդելու, թե՛ բեկում մտցնելու առումով, որ դերակատակար քաղաքական ուժերը լինեն նույն ցուցակով: Եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի մեկ ցուցակով մասնակցելու տարբերակը, և քաղաքական ուժերը որոշեն գնալ առանձին-առանձին, դա էլ քաղաքական պայքարի ձև է, բայց կարծում եմ՝ նվազ արդյունավետ:
– Այսինքն՝ Դաշնակցությունը շարունակում է մնալ այն կարծիքին, որ միասնական չլինելու դեպքում ՀՅԴ-ի՝ առանձին ցուցակով մասնակցելն անիմաստ կլինի:
– Նման տարբերակ այս պահին մենք դեռ չենք քննարկել: