Երեխայի ճակատագրի հետ խաղացող դատավորին՝ նկատողություն, իսկ Դավիթ Հարությունյանը համակարգում չպիտի լինի. Կարեն Անդրեասյանի «արդարադատությունը»

Օգոստոսի 4-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) իր տիրապետության տակ գտնվող բոլոր ռեսուրսներով հայտարարեց, որ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն և դատավորին հայտարարել նկատողություն։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Այնուհետ կարդում ենք, որ դատավորը թույլ էր տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, վճռով հաստատել էր դիմողների կողմից երեխայի որդեգրման փաստը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա։

«Բացի այդ, դատավորը որդեգրման վճիռը կայացրել է երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի բացակայությամբ, միաժամանակ չի ապահովել վճռի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը, որդեգրման վերաբերյալ վճիռը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում, որպիսի խախտումները հանգեցրել են նաև դատավորի վարքագծի կանոնների խախտման»,- նշված էր ԲԴԽ հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Ի դեպ, նշենք, որ ԲԴԽ-ն մինչ օրս չի հրապարակել սեպտեմբերի 8-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի մասին պաշտոնական հաղորդագրությունը: Հասկանում ենք՝ ԲԴԽ-ի ու մասնավորապես Կարեն Անդրեասյան համար անասելի ծանր է հրապարակել իրենց հերթական ֆիասկոյի արդյունքները, գիտակցել, որ կրկին ինքը ոչինչ չի որոշելու Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում, բայց մանկամտություն է փորձել կոծկել այն, ինչ վաղուց հրապարակված է:

Վերադառնանք դատավոր Բալյանի խախտմանը:

Ուրեմն մարդը, տվյալ դեպքում՝ դատավորը, որդեգրության թույլտվություն է տվել անձանց, ովքեր դրա իրավունքը չունեն, ինքը՝ երեխան, ներառված չի եղել որդեգրման ենթական երեխաների ցուցակում, որդեգրման վճիռը կայացրել է ապօրինի կերպով, կայացրել է անհիմն ու չպատճառաբանված դատական ակտ ու հրապարակել այն, բայց սրանք ընդամենը նկատողության ենթակա խախտում են, այսինքն՝ այնքան էական չի խախտումը, որ ընդամենը նկատողություն տալով բավարարվել են, իսկ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, բոլոր հնարավոր ու անհնարին ապօրինությունների կիրառմամբ ու ընթացակարգային խախտումներով, դադարեցվեցին անմիջապես ընդամենը մի հարցազրույցի համար:

Երեխայի ճակատագրի հետ խաղացող դատավորին՝ մի նկատողություն, իսկ դատական իշխանության խնդիրների մասին բարձրաձայնող, անբասիր կենսագրություն ունեցող, 12 տարվա աշխատանքի ընթացքում մի նկատողության անգամ չարժանացած Դավիթ Հարությունյանի լիազորությունները պետք էր ափալ-թափալ դադարեցնել:

ԲԴԽ-ն՝ իր Կարեն Անդրեասյանով, գտավ, որ Դավիթ Հարությունյանի հարցազրույցը վարկաբեկել է դատական իշխանության համբավը, իսկ օրինակ՝ Գևորգ Բալյանը, որ էլ խախտում չկար, որ չի արել, չի վարկաբեկել դատական իշխանությանը, այնպես աննշան, նկատողության ենթակա խախտում է արել:

Կարեն Անդրեասյանը կարող է իրեն դնել իր երազած ամենակարող տղայի տեղը, կարող է իր վրա կախված քրեական վարույթները դեռևս առկախված պահել, քանի դեռ վայելում է Նիկոլ Փաշինյանի բարձր հովանին, կարող է ողջ ԲԴԽ կազմին, բացառությամբ մեկ հոգու, դարձնել իր կամակատարները, բայց դրանից նա չի դադարում լինել այն Կարեն Անդրեասյանը, ով այդպես էլ չազատվեց դատավորների հանդեպ ունեցած իր բարդույթից, ով սկսած ՄԻՊ ժամանակներից, մինչ այժմ, չի դադարում թաքցնել իր խորը ատելությունը նրանց նկատմամբ, ով որպես ՄԻՊ՝ իր շուրջ հյուսել էր արդարության համար պայքարի մունետիկի ու դրա համար հալածվածի միֆը, բայց այդպես էլ չկարողացավ քողարկել իր մանր քինախնդրության համար կատարած իր բոլոր գործողությունների բուն նպատակը:

Դավիթ Հարությունյանը մի օր անպայման կվերադառնա դատական համակարգ, իսկ Կարեն Անդրեասյանը վստահաբար վաղն իր համար կերտելու է քաղհալածյալի կերպար՝ նստած պայմանական Հունաստանի, ասենք, իր շքեղ առանձնատանը:

Տեսանյութեր

Լրահոս