Դռնփակ նիստ՝ հնարավոր ու անհնարին բոլոր խայտառակ ապօրինությունները Դավիթ Հարությունյանի գործով կյանքի կոչելու համար

Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հունիսի 19-ին մեկնարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը:

Նիստը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան-արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան զույգի կամքով անցկացվում է դռնփակ ռեժիմով: Նման բան հնարավոր չէր անգամ պատկերացնել, որովհետև նույն հիմքերով Զարուհի Նախշքարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի քննությունը, որի արդյունքում, ի վերջո, դադարեցվեցին դատավորի լիազորությունները, քննվում էր դռնբաց:

Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան զույգի համար կենաց-մահու հարց էր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթի քննությունը դռնփակ անցկացնելը, որովհետև, ինչպես և ակնկալվում էր, վերջիններս նախ չէին ցանկանում, որ հանրությունն ականատես լինի՝ ինչպես է Դավիթ Հարությունյանը տառացիորեն ոչնչացնում ԲԴԽ ողջ կազմին՝ իր նախագահով, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարությանը, ի դեմս ներկայացուցիչների, և բացի դրանից, հնարավոր ու անհնարին բոլոր ապօրինությունները դռնբաց նիստում հնարավոր չէր լինի անել:

Որևէ կերպ չհիմնավորվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ է նիստը դռնփակ անցկացվում: Որոշումը պայմանավորում են արդարադատության շահով, բայց միջնորդությունը կարդում են դռնբաց նիստում:

Կարդացեք նաև

Կրկնակի ստանդարտներով առաջնորդվելու, իրենց շահն արդարադատության հետ նույնացնելու՝ նմանը չունեցող ֆարսի ենք ականատես լինում:

Դռնփակ նիստի պայմաններում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալվում է Պետրոս Ղազարյանին, խոսում Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթից՝ ընդ որում, կեղծ ու ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելով, իսկ զուգահեռ իրականությունում Դավիթ Հարությունյանին ու նրա շահերի ներկայացուցիչներին արգելում են խոսել, որովհետև նիստը դռնփակ է: Օգտվելով դռնփակ նիստ անցկացնելու հանգամանքից՝ ԲԴԽ-ն, ի դեմս Կարեն Անդրեասյանի, որովհետև Արշակ Վարդանյանին նույնպես հեռացրել են վարույթի քննությունից, խախտում է, ինչ հնարավոր է՝ սկսած ՄԻԵԿ 6-րդ հոդվածից, մինչև վարույթի ընթացակարգային խախտումներ ու մարդկային բարեվարքության կանոններ:

Խախտվում է դատավոր Դավիթ Հարությունյանի արդար դատաքննության, պաշտպանության իրավունքը, նյութերին ողջամիտ ժամկետներում ծանոթանալու իրավունքը:

Բացի դրանից, առանց որևէ հիմնավորման՝ ԲԴԽ-ում որոշել են, որ 4 փաստաբանից ավել չ կարող ներգրավվել վարույթին, թեպետ որևէ օրենքով փաստաբանների քանակի սահմանափակում չկա:

Քանի որ նիստը դռնփակ է անցկացվում, նշանակում է, որ դատավոր Դավիթ Հարությունյանը նյութերը չի կարող փոխանցել իր պաշտպաններին, սակայն միևնույն ժամանակ հայտարարում են, թե ժամանակ ունեիր՝ տայիր, թող ծանոթանային, և սա՝ այն դեպքում, երբ պաշտպանները դեռ վարույթին ներգրավված էլ չեն եղել:

Ի դեպ, երեկ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նույն հարցազրույցում ասում էր, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցվում են, երբ քաղաքացիներից դիմումներ են լինում, կամ ՄԻԵԴ-ից դատավորի որոշման վերաբերյալ խախտում է արձանագրվում:

Ի գիտություն Կարեն Անդրեասյանի ընկերոջ և գործընկերոջ՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ քննվում է առաջին անգամ, վարույթը վերաբերում է դատավորի խոսքի ազատության սահմանափակմանը, այսինքն՝ որևէ քաղաքացուց որևէ բողոք դատավորի դեմ չի ստացվել, դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից քննված գործերով ՄԻԵԴ-ի կողմից երբևէ որևէ խախտում չի արձանագրվել:

Տեսանյութեր

Լրահոս