«Երբ պատասխանատուները քեզ հասկացնում են, թե ազգայինն այդքան էլ կարևոր չէ՝ ինձ տագնապելու առիթ է տալիս». Սեդրակ Երկանյան

Ապագան անորոշ է, հարցականներով, իսկ ապրվող կյանքն այդքան էլ հուսադրող չէ. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար Սեդրակ Երկանյանն այսպես բնորոշեց այն իրականությունը, որում այսօր գտնվում է ազգն ու երկիրը։

«Զուտ իմ մասնագիտության ոլորտի բերումով, քանի որ ղեկավարում եմ Հայաստանի հնագույն երաժշտական ոլորտը, իմ առջև խնդիր է դրված պահպանել, տարածել, զարգացնել հնագույնը, ինչը մեզ հասել է։ Հիմա վերջին տարիներին՝ 5 կլինի թե 10, երբ գերատեսչական պատասխանատուները քեզ հասկացնում են, թե այդքան էլ կարևոր չէ ազգայինը՝ պետք է առաջ նայել, սա արդեն ինձ տագնապելու առիթ է տալիս և ապագայի հանդեպ խնդիրներ։

Ի՞նչ է նշանակում ունենալ մի կառույց, որի հիմնական առաքելությունն է՝ վեր հանել, պահպանել նախնյաց մշակութային արժեքները, և մեկը, որը շատ հեռու է գոնե երաժշտական ոլորտից, չգիտեմ՝ ինչ պատկերացումներ ունի նախաքրիստոնեական շրջանից մեզ հասած մրմունջների, երգերի, խոսք ու բառի, ինչո՞ւ չէ, նաև քրիստոնեական ժամանակաշրջանի մեր բառ ու բանից։ Դրանց ստեղծողները, տերերը եղել են մեր նախնիները, հասարակ մշակները, որոնք հորովելներ են ստեղծել, հասցրել ու բերել են մեզ այն ահռելի մեծ մշակութային կոթողները, որոնց հեղինակները հիմնականում եղել են հոգևոր դասի մեր երևելիները՝ սկսած Սահակ Պարթևից, Խորենացի, ցատկեմ՝ Շիրակացի, Շնորհալի և այդպես։ Այդ ահռելի ժառանգության պահպանումն ինչ-որ չափով ես ինձ վրա եմ զգում և որպես պարտականություն՝ գիտակցելով, փորձում դրանք կյանքի հունի մեջ դնել։ Երբ գերատեսչության առաջին շարքում նստած և համերգի ժամանակ հորանջող պատասխանատուները քեզ հասկացնում են այլ բան, հարց է առաջանում՝ հանուն ինչի՞ էր 1915 թվականը, փախեփախը, այլ երկրներում ապաստան գտնելը և այդ ամենը մեջդ ունենալը։ Ես մի հոգի եմ, բայց այսպես միլիոնավոր ճակատագրեր կան, հանուն ինչի՞ էր, հանուն ինչ-որ էժանագին շոուների՞, որոնց, ի վերջո, հսկայական լափաբաժինը տրվում է դրսի կասկածելի երևույթներին»,- նշեց Սեդրակ Երկանյանը։

Կարդացեք նաև

Խոսելով պետական միջոցներով ռեփեր Սնուփ Դոգին Հայաստան բերելու նախաձեռնության մասին, կոմպոզիտորն ասաց, որ չգիտի այդ անձին։

«Խրախճանք ժանտախտի ժամին բոլոր ժամանակներում էլ եղել է, սովետների ժամանակ խրախճանք չէ՞ր, որ ադրբեջանցի երգչուհուն բերում էին ու հնարավորություն էին տալիս մեծ դահլիճներում ելույթ ունենալ, խրախճանք չէ՞ր երեկոյան «խոսում է Բաքուն» հաղորդման ժամանակ ամբողջ Հայաստանով մեկ հնչեցնել ադրբեջանական երաժշտությունը։

Հիմա գոտին արդեն ավելի է ձգվել, և մի կարծեք, թե Սովետի ժամանակ արցախահայության վիճակը փայլուն է եղել։ Ճիշտ է, հացի խնդիր այդպես չեն ունեցել, սակայն յաթաղանի խնդիր միշտ ունեցել են, դրա համար էլ 93 տոկոս Արցախի հայությունից մնացել էր 75 տոկոս՝ լավ կյանքից չէ, որ մարդիկ հեռացել են։ 90-ականներին ինչ համերգներ ու զավզակություններ էին ցույց տալիս, հայրենիքից ու մշակույթից են խոսում, բայց այդ գարշելի սերիալները դեռ շարունակում են ցույց տալ՝ գիշեր ու ցերեկ, սա խրախճանք չէ՞։ Ի՞նչ կապ ունեն այդ սերիալները կամ նման շոու-համերգները մեր ցավի ու իրականության հետ։ Տարիները գլորվում են, բայց մեր ցավը ոչ թե պակասում է, այլ ավելանում է, այս ցավին էլ երևի թե այդ ռեփերն ավելացնում է՝ բաց վերքին աղ»,- ասաց Սեդրակ Երկանյանը։

Նա նաև ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ամեն առավոտյան շարունակում է խոսել Արարատի ու Արագածի հետ, և ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Արարատի կնճիռներն ամեն օր ավելանում են՝ ազգի վարքի պատճառով։

«Երբ առավոտյան դուրս եմ գալիս պատշգամբ ու տեսնում, որ հայը նույն կերպ շարունակում է իր գոյությունը, ինչպես երեկ էր, կամ երեկ չէ առաջին օրը՝ թքելով, կեղտոտելով մայր երկիրը, փչացնելով, հարևանին վնասելով, մի՞թե այդ վարվելակերպից կնճիռ չի ավելանա Նահապետի՝ Արարատի վրա, ցավում է, չէ՞, հետո՞ ինչ, որ լեռ է։ Շատ ենք սիրում ասել՝ մայր բնություն, բայց թքած ունենք, կամ՝ ի՞նչ է նշանակում երեկվա կամ մեկ տարի առաջվա ասֆալտը քանդել ու սալիկներ դնել, է՜, եթե սալիկ պիտի դնեիք, ապա ինչո՞ւ եք ասֆալտ անում։ Քարը, որը գնացիք ու բնության արգանդից կտրեցիք բերեցիք, ափսոս չէ՞, սա վատնում չէ՞, հայրենիքի վատնում չէ՞, մի բան, որ սովետներից կա, երևի լավ գործ է, գիտեք՝ ասֆալտել, իսկ հաջորդ օրը փորել, դա թալան է, համաժողովրդական, պետական, գիտակցված թալան է։ Սա մեկ-երկու հոգի չի անում, ամբողջ գիտակցական կյանքս սա եմ տեսել։ Հիմա նման մարդը կամ բնակիչն իրավունք ունի՞ հայի անուն, ազգանուն կրելու»,- հավելեց նա։

Նրա դիտարկմամբ, որևէ իշխանություն չի մտածում իր սերնդին հայեցի դաստիարակելու մասին, ընդհանուր խոսում են անվտանգության, կոյուղու, տանիքի, վերելակի մասին, բայց ո՞ւմ համար են այդ ամենը։

«Եթե այդ ամենը չպետք է ծառայի հայ մարդուն, այսինքն՝ չնպաստի, որպեսզի մարդը նախնյաց կերպարն ունենա, ձեռք բերի, վերակերտի իրեն, այդ վերելակն ո՞ւմ է պետք, եթե, կներեք,  մի շուն-շանորդու վերև պետք է հանի»,- եզրափակեց Սեդրակ Երկանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս