Տնտեսական ակտիվության ցուցանիշի արագացմանը զուգընթաց՝ որոշ ցուցանիշներ սկսել են դրսևորել աճի դանդաղման միտումներ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. հունվար-մայիս ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։

  • Տնտեսական ակտիվության ցուցանիշի արագացմանը զուգընթաց՝ որոշ ցուցանիշներ սկսել են դրսևորել աճի դանդաղման միտումներ: Տնտեսական ակտիվությունը ծառայությունների ոլորտում, ինչպես նաև արտահանման և ներմուծման ծավալների աճերը դանդաղել են, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ՝ համեմատվող տարվա ցուցանիշներում արդեն իսկ արտացոլված են դրական շոկի ազդեցությունները։ Նշանակում է, որ այս ոլորտներում հնարավոր է աճի դանդաղում նաև հաջորդ ամիսներին։
  • Գնաճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ իջնելով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանից ներքև: Գնաճի տեմպի այսպիսի արագ դանդաղումը կարող է վնասակար լինել տնտեսության համար՝ թեև դրա հիմնական շարժիչ ուժը ներմուծվող ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի գների նվազումն է: Իրավիճակին ի պատասխան՝ ՀՀ կենտրոնական բանկը հունիսին արդեն իսկ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով։
  • Պետական բյուջեի կատարումը շարունակում է խնդրահարույց մնալ։ Թեև հունվար-մայիս ամիսների ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 16.7%-ով, դրանց կշիռը փաստացի պլանավորվածի համեմատ էականորեն ցածր է։ Հունվար-մայիս ամիսներին իրականացված կապիտալ ծախսերի (ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի) ծավալը կազմել է շուրջ 92.7 մլրդ դրամ, այն դեպքում, երբ հունվար-հունիս ամիսների պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ։ Ավելին, փաստացի իրականացված ծախսերը փոքր են նույնիսկ առաջին եռամսյակի համար նախատեսված 98.1 մլրդ դրամից։ Սա ցույց է տալիս, որ կապիտալ ծախսերի կատարողականի բարելավման միտում դեռևս չկա, և առաջիկայում նույնպես արձանագրվելու են էական թերակատարումներ։
  • ՀՀ պետական բյուջեի ծախսերն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ավելի քիչ են եղել, քան եկամուտները, ինչի արդյունքում ձևավորվել է բյուջեի հավելուրդ շուրջ՝ 100.7 մլրդ դրամի չափով՝ նախորդ տարվա 46.3 մլրդ դրամ հավելուրդի և այս տարվա առաջին կիսամյակում ծրագրված 119.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ընդ որում, ծախսերի քիչ լինելը հիմնականում պայմանավորված է կապիտալ ծախսերի նվազմամբ, ինչը նշանակում է, որ կապիտալ ծախսերի կատարողականի հետ կապված խնդիրներն ավելի են խորանում:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

 

Տեսանյութեր

Լրահոս