Վիկտոր Ցոյի տարեդարձը Երևանում կնշվի ռուսական ռոքի ընդգրկուն փառատոնով
Ռոք երաժիշտ Վիկտոր Ցոյի մահից շատ տարիներ են անցել, սակայն նրա երկրպագուները շարունակում են երգել Ցոյի երգերը, տարածել դրանք ու նրան նվիրված համերգներով, փառատոններով և այլ միջոցառումներով նշել սիրված արտիստի տարեդարձը:
Հայաստանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 23-ին Ցոյի ծննդյանը նվիրված ռուսական ռոքի փառատոն կանցկացվի, որը տեղի կունենա Երևանում՝ Սիրահարների այգում:
Փառատոնին Ցոյի հիթերը կկատարեն «Another Story band»-ը, Էվա Ոսկանյանը, «One day Band»-ը, «The Hiwave»-ը, «Ness band»-ը և «Fairwind»-ը:
Փառատոնի կազմակերպիչ, երգիչ Արմեն «Ցոյ» Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ քսաներեք տարի առաջ է սկսել երաժշտությամբ զբաղվել ու կատարել է Վիկտոր Ցոյի երգերը: Շատ է հետաքրքրվել Ցոյի երաժշտությամբ, նրա մասին տեղեկություններով, ինչի արդյունքում ակամայից սկսել է նմանակել արտիստին: Հենց այդ պատճառով են հետագայում Արմենին «Ցոյ» բեմական անունով կնքել:
«The Hiwave» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Արման Սաֆարյանն էլ տեղեկացրել էր, որ իրենց խումբը փառատոնին կկատարի այլ ռուսական ռոք խմբերի քավրներ:
Նրա խոսքով՝ 1980-ականների շատ հայտնի խմբերի երգեր են հնչեցնելու: «Հաստատ կձայնակցենք ու միասին կերգենք»,-հավաստիացրել էր Արմանը: Կարևորելով նման փառատոնների անցկացումը՝ նա ընդգծել էր, որ հրաշալի կլինի, եթե նման նախաձեռնություններն ավելի հաճախ կյանքի կոչվեն՝ հայկական խմբերին հնարավորություն տալով երաժշտասերներին նաև հեղինակային երգերը մատուցել: