Հավաքել այդքան մարդու, փորձել դարձնել հանցակից ու հուսալ, որ նրանք կգնան դրան, կարող էր մտածել միայն Կարեն Անդրեասյանը. Երվանդ Վարոսյան

«90-ականների սկզբին փաստաբանների նկատմամբ բռնություն կար, բայց ոչ բաժիններում, այլ դրսում, «փողոցային ռազբորկաների» մակարդակի: Սրան հասանք այն ժամանակ, երբ բոլոր տեսակի սահմաններն ու սկզբունքները ջնջվեցին: Խոսքը գրված ու չգրված սահմանների, գրված ու չգրված օրենքների մասին է: Բնականաբար, դրա պատասխանատուն օրվա քաղաքական իշխանությունն է, որն էլ ջնջում է այդ սահմանները: Արդեն կարելի է ամեն ինչ: Չի կարելի միայն մեկ բան՝ վտանգ ներկայացնել քաղաքական իշխանության համար»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով օրերս Ոստիկանության Կենտրոնականի բաժնում իր մասնագիտական պարտականությունները կատարող փաստաբանին ծեծելու հերթական սկանդալային փաստին:

Ըստ նրա՝ այն, որ նախորդ իշխանությունների օրոք ծեծը ոստիկանության բաժիններում վերացել էր, քաղաքական դիրքորոշման արդյունք էր:

«Այս ամենն ընդհանուր վարվող քաղաքականության արդյունք է: Մեր ոստիկանության սանձարձակությունն էլ նշանակում է՝ կամ իրենք ունեն ուղիղ հրահանգ, կամ նրանց հնարավորություն է տրվել գործել ազատ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեի (ՔԿ)՝ դեպքի վերաբերյալ տարածած հաղորդագրությունից տպավորություն էր ստեղծվում, որ փաստաբան Կարեն Ալավերդյանն ահաբեկիչ է:

«Իրենց նկարագրածը կոնկրետ ահաբեկչություն էր: Առավոտյան անցա բաժնի կողքով: Ուզում էի տեսնել՝ շենքը տեղո՞ւմ էր, թե՞ ոչ: Ի զարմանս ինձ՝ շենքը տեղում էր»,- հեգնեց Երվանդ Վարոսյանը:

Հարցին՝ ի՞նչ պիտի անեն փաստաբանները՝ նախ որպես անհատներ, ապա՝ որպես համայնք, փաստաբանը պատասխանեց՝ նախ պիտի խոսեն, շատերը պիտի խոսեն:

«Փաստաբանները չպիտի վախենան քաղաքական գնահատական տալ այն պարագայում, երբ գործ են ունենում քաղաքական իշխանության գործողության հետևանքի հետ: Եվ այլ բան չի մնում, քան կոնկրետ դեպքերով հետամուտ լինել և սպառելով ներպետական ատյանները՝ քեյսերը տարվեն Եվրոպական դատարան»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Վերջինս նաև նշեց՝ իր կարծիքով, ցավոք, փաստաբանները չեն գնա գործադուլ անելու ճանապարհով:

«Մենք փորձ ունեցել ենք դա անելու, և գրեթե միշտ արդյունք ունեցել ենք: Դա չի կարող ազդեցություն չունենալ, որովհետև գործադուլի դեպքում կկանգնի ողջ համակարգը»,- ասաց փաստաբանը:

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ԲԴԽ հրավիրելու, նրանց քվեաթերթիկներ բաժանելու ու Վերաքննիչի ստվերային նախագահ ընտրելու՝ ամոթալի ու սկանդալային միջադեպին՝ Երվանդ Վարոսյանն ասաց.

«Ես չէի հավատա այդ լուրին, եթե խոսքը չգնար Կարեն Անդրեասյանի մասին: Դա միակ հանգամանքն է, որ նյութը երբ կարդում ես, այդ պատկերը տեսնում ես աչքիդ առաջ: Ես չգիտեմ՝ ինքն ինչով է մտածում, անկեղծ ասած, բայց պիտի փոխի այն գործիքը, որով մտածում է… Հավաքել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այդքան մարդու, փորձել նրանց էլ դարձնել հանցակից ու հույս ունենալ, որ նրանք կգնան դրան, կարող էր մտածել միայն Կարեն Անդրեասյանը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Նրա խոսքով՝ արդեն պետք է հրապարակային քննություն իրականացվեր այդ փաստով, որովհետև խոսքը գնում է առերևույթ հանցավոր արարքի մասին:

«Դատական համակարգը վերանում է մեր աչքի առաջ, վերանում է և որպես համակարգ, և ի դեմս կոնկրետ դատավորի, որոնց կամայականորեն ուղարկում են տուն: Էդ վերացող դատական համակարգը բոլորինս է: Մենք ի՞նչ ենք անելու: Ես զարմանում եմ այս իշխանությունների վրա, որովհետև ուշ թե շուտ էդ դատական համակարգի շահառուն իրենք են լինելու… Ստիպված եմ իրենց հիասթափեցնել: Աստված մի արասցե, եթե պետություն չլինի, Ալեն Սիմոնյանի ասած՝ ամեն բան կլինի արտադատարանական կարգով: Այնպես որ, թող աղոթեն մեր պետության լինելիության համար»,- եզրափակեց Երվանդ Վարոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս