Թե ինչպես պատարագ մատուցել՝ որևէ պաշտոնատար անձի գործը չէ, եկեղեցու կանոնական հարցերին մի՛ միջամտեք․ Արամ Օրբելյան
Եկեղեցին պետական կառավարման համակարգի մաս չէ, և պետությունը գործ չունի, թե ինչ է կատարվում մասնավոր կառույցում, քանի դեռ այնտեղ տեղի չի ունենում ապօրինություն։ Կանոնական հարցերի կամ ներքին կառավարման առանձնահատկությունների հետ պետությունը կապ չունի, պետության դերակատարումը բացառապես դատարաններում մասնավոր վեճերը լուծելու դաշտում է։ Սահմանադրությունը երաշխավորում է եկեղեցու և պետության տարանջատումը։ Ցանկացած մասնավոր, այդ թվում՝ կրոնական կազմակերպություն, պետության միջամտությունից պաշտպանված է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը։

«Եթե ավտորիտար կառավարման համակարգերը ենթադրում են, որ պետությունը քաղաքական դաշտն է փորձում իր շուրջ համախմբել, տոտալիտարիզմի դեպքում այն մտնում է ամենօրյա կենսագործունեության դաշտ, և մենք տեսնում ենք դրա առաջին հստակ դրսևորումները։ Թե ինչպես պատարագ մատուցել՝ որևէ պետական պաշտոնատար անձի գործը չէ։ Եկեղեցին իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, ավելին՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտնի քաղաքականություն։ Մինչդեռ այսօրվա կառավարման համակարգի ձգտումն է՝ բոլորին հեռու պահել քաղաքականությունից»,- ասաց փաստաբանը։
«Ամեն ինչ արվում է, որ ասեն՝ քաղաքականությունը լավ բան չէ։ Հարկերը վճարելու, ծառայելու, պետության հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու ժամանակ որևէ խնդիր չկա, իսկ երբ քաղաքական ցանկություն պետք է դրսևորենք, ասում են՝ դուք քաղաքականություն մտաք։ Պետության և եկեղեցու տարանջատումը որևէ կերպ չի ենթադրում, որ եկեղեցին և եկեղեցականներն իրավունք չունեն մտնելու քաղաքականություն։ Կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրությունն ուղղակի նախատեսում է պետության պարտավորությունը՝ երաշխավորելու հոգևորականների և եկեղեցու սպասավորների ազատությունը՝ մասնակցելու քաղաքական գործընթացների»,- նշեց Օրբելյանը։
Փաստաբանի կարծիքով՝ «ինչո՞ւ է այս կամ այն մարդը զբաղվում քաղաքականությամբ» հարցն ինքնին Հայաստանի այսօրվա վիճակի հանցավոր հետևանքն է․
«Գնում են բիզնես ստուգելու, հարցնում են՝ ինչո՞ւ է քաղաքականություն մտել, չէ՞ որ դրա համար իր բարեկամին բռնեցին։ Լա՛վ է արել՝ մտել է։ Այս մտայնությունը պետք է դուրս գա մեր միջից։ Երբ պետության ներկայացուցիչները, պետական լծակներն օգտագործելով, փորձում են հանդիպել համապատասխան անձանց հետ և քննարկել ինչ-որ գործընթաց, դա պետության միջամտության եղանակներից մեկն է։ Հոգևորականները կարող են ունենալ հստակ քաղաքական դիրքորոշում, լինել կուսակցության անդամ, դա արգելված չէ։ Որպես հասարակության անդամներ՝ նրանք իրավունք ունեն մասնակցելու քաղաքական գործընթացների»:

«Երբ բոլորը մասնակցեն քաղաքականությանը, երկիրը կկարգավորվի։ Դա չի նշանակում, որ ամեն օր, երբ հանդիպում ենք, պետք է քաղաքական զրույց ունենանք։ Պետք է ունենալ հստակ քաղաքական դիրքորոշում, չվախենալ այն արտահայտելուց, դրա պատճառով հետապնդումների ենթարկվելուց։ Հիմա ապօրինաբար հարձակվել են եկեղեցու դեմ, և փոխանակ մենք քննարկենք հարձակման փաստը, ասում ենք՝ բայց կարո՞ղ է ինչ-որ մի բան այն չէ։ Դա չպետք է հիմա քննարկման հարց լինի»,- ամփոփեց Արամ Օրբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
