Սենեգալում բախումների հետևանքով կա 16 զոհ, 350-ից ավելի վիրավոր
Առնվազն 16 մարդ է զոհվել և 360 մարդ՝ վիրավորվել Սենեգալում անկարգությունների ժամանակ, որոնք սկսվել են հունիսի 1-ին, երբ ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոն դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Այդ մասին այսօր հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով Սենեգալի Կարմիր խաչի աշխատակիցների։
Առավել խոշոր ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաք Դակարում և երկրի հարավում: 16 զոհերը Դակարից են և Սոնկոյի հայրենի Զիգինշոր քաղաքից։ Իշխանությունները ձերբակալել են մոտ 500 մարդու, որոնք մասնակցել են անկարգություններին:
Լարվածությունը գագաթնակետին է հասել հունիսի 1-ին և 2-ին: Ինչպես հայտնել է Սենեգալի ներքին գործերի նախարար Անտուան Ֆելիքս Աբդուլա Դիոմը, իրադրությունը երկրում սկսել է կայունանալ հունիսի 3-ից: Այդուհանդերձ, զինվորականները շարունակում են պարեկությունը Դակարի փողոցներում։ Մայրաքաղաքի կենտրոնական հատվածի ռազմավարական կարևոր կետերում պահպանվում են բանակային ուղեփակոցները, տեղակայված են տանկեր։ Ոստիկանության ուժեղացված ջոկատները հսկում են խոշորագույն առևտրի կենտրոնները, ինչպես նաև ավտոլցակայանները։ Ինտերնետ հասանելիությունը սահմանափակված է: Արգելափակված է սոցիալական ցանցեր մուտքը շարժական կրիչներից:
Դակարի քրեական դատարանը հունիսի 1-ին 48-ամյա Սոնկոյին մեղավոր է ճանաչել մանկապղծության մեջ՝ հանելով բռնաբարության և մահվամբ սպառնալու հետ կապված մեղադրանքները։ Ընդդիմության առաջնորդը հրաժարվել է ներկայանալ դատարան, դատավճիռը հրապարակվել է նրա բացակայությամբ։
Սենեգալի արդարադատության նախարար Մալիկ Սալը հայտարարել է, որ իշխանությունները ցանկացած պահի կարող են ձերբակալել Սոնկոյին։ Ինչպես նշում է սենեգալյան Seneweb լրատվական հարթակը, Սոնկոն առայժմ գտնվում է իր տանը՝ անվտանգության ուժերի հսկողության ներքո։ Իշխանությունները մտավախություն ունեն, թե նրա տեղափոխումը բանտ կարող է անկարգությունների նոր բռնկում առաջացնել։
Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ Սոնկոն գլխավորում է «Սենեգալի հայրենասերները հանուն աշխատանքի, էթիկայի և եղբայրության» կուսակցությունը, որը հիմնադրվել է 2014 թվականին: Նա մասնակցել է 2019 թվականի նախագահական ընտրություններին և զբաղեցրել երրորդ տեղը՝ քվեների 16%-ով։ Սոնկոն արդեն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կկայանան 2024 թվականի փետրվարին։ Սակայն երկու տարվա բանտարկության դատավճիռն ընդդիմադիր առաջնորդին զրկում է իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից։ Սենեգալի գործող նախագահ Մակի Սալը դեռ չի հայտարարել՝ արդյոք մտադիր է կրկին առաջադրել իր թեկնածությունը գալիք ընտրություններում: