«Օրը ցերեկով կատարվում է բացահայտ թալան».  տնտեսագետն ահազանգում է

«Ոչ մի կառույց իր տեղում չէ՝ նախևառաջ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և, իhարկե, լայն իմաստով` կառավարությունը»,- տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում դրամի փոխարժեքի տատանմանն անհամահունչ պահպանվող էներգակիրների սակագներին:

Մասնագետը պարզաբանում է. «Մարդիկ շատ լավ հաշվարկում և տեսնում են, որ ավելի քան 1.5 տարվա ընթացքում դրամն արժևորվել է շուրջ 25 տոկոսով, իսկ, օրինակ, ՀՀ ներմուծվող գազի սակագնի հաշվարկը (սահմանի վրա միջին սակագինը՝ շուրջ 175 դոլար՝ 1000 խորանարդի դիմաց 8389 Կկալ ջերմունակությամբ) ժամանակին կատարվել է 480 դրամ փոխարժեքի հիման վրա, իսկ այժմ՝ 385-390 դրամ դոլարի դիմաց.  հետևաբար՝ արձանագրում են՝ գերշահույթ է ստացել նախ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը»:

Ատոմ Մարգարյանը չգիտի՝ այդ գերշահույթները ֆիքսե՞լ են համապատասխան մարմինները, դրանք գնացե՞լ են բյուջե, թե՞ այնուամենայնիվ, այդ ամենը ծախսերի տակ «սղացրել են»:

Տնտեսագետը ստեղծված իրավիճակը համարում է գնաճի հարուցիչներից:

Կարդացեք նաև

Ատոմ Մարգարյանը նկատեց. «2022թ., երբ ապրիլից սակագինը բարձրացավ, այնպիսի հիմնավորումներ էին բերում, որ եփած հավի ծիծաղը կգար»:

Նրա համոզմամբ՝ կառավարությունն արդեն պետք է քայլեր ձեռնարկած լիներ, որովհետև գազը ֆունդամենտալ, հիմնային էներգակիր է, ու դրանով պայմանավորվում է մնացած բոլոր ապրանքների, նաև էլեկտրաէներգիայի սակագինը (այնքանով, որքանով ջերմաէլեկտրակայաններն են արտադրում հոսանք), տրանսպորտային ծառայությունների գները:

Ըստ նրա՝ կառավարության կողմից քայլերի դեպքում գազ օգտագործող տնտեսությունները՝ սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մետալուրգիական ձեռնարկություններ, ավելի էժան, հասանելի, համադրելի ռեսուրս կստանային:

«Ի վերջո, չմոռանանք, որ մենք ԵԱՏՄ տարածքում ենք, և բոլորովին էլ միևնույնը չէ, թե ինչպիսին է էներգակիրների հասանելիությունը, օրինակ, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ապրանքարտադրողների միջև. սա սկզբունքային հարց է,- արձանագրեց մասնագետը՝ դա ամենևին չհամարելով ռուսական կողմի քաղաքականության հետևանք,- ՌԴ-ն գազ վաճառում է դոլարով, կամ՝ ռուբլով, դու վճարում ես դոլարով, կամ ռուբլով, դրամ ես ստանում բաժանորդներից և այն փոխարկում ես համապատասխան արտարժույթի. հետևաբար՝ պետք չէ ամեն ինչում մեղադրել ՌԴ-ին, պետք է մեղադրել ՀՀ պատասխանատու ինստանցիաներին»:

Այս համատեքստում Ատոմ Մարգարյանն արձանագրեց մեկ այլ խնդիր՝ կապված գազալցակայանների հետ. նա արձանագրեց՝  մայրաքաղաքում սեղմված գազը, ավելի վատ լիցքավորման պայմաններում վաճառվում է 15-20 տոկոսով ավելի թանկ, քան՝ մարզերում:

«Ինչո՞վ բացատրել, որ մայրաքաղաքի լցակայաններում գազի կիլոգրամը 350-360 դրամ է, իսկ, դիցուք, Մարտունիում, Վարդենիսում, Նոյեմբերյանում և այլ տեղերում՝ 300 դրամը չի անցնում, տեղ կա՝ 260-270 դրամ է, կամ՝ Հրազդանին հարող տարածքում մշտապես 240 դրամ է: Ընդ որում, եթե վաճառքի ծավալները վերցնենք ու մասշտաբի էֆեկտն էլ գումարենք, ապա Երևանում պետք է անհամեմատ ավելի ցածր լինեին գները:

Ստացվում է՝ օրը ցերեկով կատարվում է  բացահայտ թալան, և ինձ հետաքրքրում է՝ արդյոք այդ գերշահույթների համար, որ գոյանում են տնտեսվարողների մոտ, որոնց զգալի մասը հայտնի օլիգարխներին է պատկանում, ՊԵԿ-ում հարկեր վճարվե՞լ են,- նշեց նա՝ հավելելով, որ եթե անգամ վճարվել են այդ հարկերը, առկա իրավիճակը չի համապատասխանում տնտեսական մրցակցության ոգուն և տրամաբանությանը,- Օրը ցերեկով կատարվում է թալան, և ոչ ոք չի ցանկանում միջամտել, որովհետև թանկ գազը ենթադրում է ավելի մեծ հասույթներ, հարկեր, գերշահույթներ, և հետևաբար՝ այդ շղթան գնում-հասնում է վեր: Բայց թանկ գազը նաև թանկ ռեսուրս է, որն էապես նվազեցնում է  մարդկանց բարեկեցությունը և բիզնեսի մրցունակությունը, և այստեղ է, որ պետք է քաղաքականություն, միջամտություն, որ չենք տեսնում»:

Տնտեսագետը շեշտեց՝ նույն խնդիրն առկա է նաև հեղուկ վառելիքի շուկայում, որտեղ ևս քաոտիկ իրավիճակ է:

Տեսանյութեր

Լրահոս