Ադրբեջանը՝ ՌԴ-ի այլընտրա՞նք․ Ռուսական ուղղությունը փլվում է իշխանությունների նախաձեռնությամբ, իսկ նոր գործընկերներ դե ֆակտո չկան․ Միքայելյան
Հայաստանում՝ Աղվերանի հյուրանոցներից մեկում, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին նաև հայ գործարարները: Թեև գործարարների անունները չեն հանրայնացվել, սակայն ասում են, որ ի թիվս այլոց՝ ներկա են եղել նաև բոլոր ժամանակներում իշխանամերձ գործարար Սամվել Ալեքսանյանը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունից անձինք։
168․am–ը քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց՝ սա արդյո՞ք Հայաստանի տնտեսական համայնքին առաջարկվող այլընտրանք պետք է համարել՝ ՌԴ-ի հետ հնարավոր վայրիվերումների դեպքում․ նախապատրաստում են այլընտրանքի՞։
«Միանշանակ, իհարկե: Իշխանությունների բոլոր հայտարարություններն այն մասին են, որ պետք է ինտեգրվել ադրբեջանաթուրքական քաղաքական գծի մեջ։ Օրինակը էներգետիկ համակարգերի միացումն է․ սա Հայաստանի շահերին հակասում է, բայց դրա մասին արդեն հայտարարել են։
Ընդ որում, նմանատիպ հայտարարություններ չկան մյուս կողմից․ բավարարվում են հերթապահ հայտարարություններով՝ ինչ-ինչ գործընթացների մասին։ Սա Հայաստանի ինտեգրումն է Արևելք-Արևմուտք միջանցքին»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ կարող է արտահանել Հայաստանը, որովհետև տեսնում ենք՝ Ադրբեջանով, Ադրբեջանից ներմուծում, թեկուզ ցուցադրական, կարծեք կա, մասնագետը պատասխանեց՝ նախ ուշադրություն հրավիրելով հարցի վրա, թե ինչ ձևաչափով է դա տեղի ունենալու։
«Բուն տնտեսական հարաբերությունը մի կողմ թողնենք․ Արցախում էթնիկ զտման և ցեղասպանության փորձի ֆոնին առևտուրն ու բիզնեսն անընդունելի է քաղաքականապես։ Այսինքն՝ դա ցույց է տալիս, որ մենք ասում ենք` դա նորմալ է։
Տնտեսական տեսանկյունից․ շատ կարևոր է, թե ինչ ձևաչափով են հաստատում այդ հարաբերությունները` հավասա՞ր, թե՞ չէ։ Այսինքն՝ մենք ունե՞նք նույն հնարավորություններ, ինչ նրանք, ունե՞նք հնարավորություն մտնելու Ադրբեջանի ցանկացած տարածք, առևտուր անել, երթևեկել և այլն, ունե՞նք ապահովված անվտանգություն։ Ի՞նչ հարաբերությունների շրջանակ է հաստատված: Թե չէ՝ մի ապրանք էս կողմ-էն կողմ, երկրորդական է»,- պարզաբանեց Հրանտ Միքայելյանը։
Քաղտնտեսագետն ուշադրություն հրավիրեց մեկ այլ իրողության վրա ևս․ Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվորեն ուսումնասիրում է՝ ինչ է Հայաստանն արտահանում Վրաստան, Ռուսաստան, որպեսզի փոխարինեն, այլընտրանք ստեղծեն՝ դուրս մղելով հայ արտադրողներին։
«Բայց, ամեն դեպքում, եթե ազատ տնտեսական հարաբերություններ հաստատվեն, միանշանակ կստեղծեն ինչ-որ հնարավորություններ՝ առևտուր անելու և արտահանելու, միանշանակ մի 200-300 միլիոն դոլարի ապրանք կարող է արտահանվել դեպի Ադրբեջան։ Ուրիշ բան ներմուծելո՞ւ է Ադրբեջանը, թե՞ ոչ, և ինչքանո՞վ են հավասար պայմաններ ստեղծվելու»,- նկատեց նա։
Հարցին՝ ո՞րն է ՀՀ այլընտրանքն այս պահին, եթե ՌԴ դիրքավորումը տարածաշրջանում պասիվ է, Իրանը հակամարտության մեջ է, իսկ ԱՄՆ-ը ու Արևմուտքը սեփական խնդիրներն են լուծում այստեղ։
«Այո, Ռուսաստանը դիստանցավորվել է տարածաշրջանում․․․ բայց Հայաստանը չպետք է հույս ունենա, որ մի երկրի կամ բլոկի հետ հարաբերություններով կարող է ամբողջ արտաքին ճակատը պահել։ Պետք է գիտակցել, որ բազմավեկտոր ուղղություններով քաղաքականություն է անհրաժեշտ, ու դա առաջին հերթին ներառում է ոչ թե Ռուսաստան ու Արևմուտք, այլ՝ ասիական ու նույնիսկ աֆրիկյան երկրները, և հատկապես ՝ Հնդկաստան, Չինաստան, Իրան, արաբական երկրներ և այլն։ Այդտեղ ահռելի պոտենցիալ կա, անհամեմատ ավելի բարձր, քան Արևմուտքում»,- պատասխանեց նա։
Դիտարկմանը, թե հիմա ՀՀ իշխանությունները դա չե՞ն անում, Հրանտ Միքայելյանն արձագանքեց․ «Միանշանակ՝ ոչ․ այս իշխանությունը հակառակն է անում։ Վերջին տարիներին մենք ոչ մի լրացուցիչ ուղղություն չենք զարգացրել, բայց Ռուսաստանի ուղղությունը քիչ-քիչ փլվում է իշխանությունների նախաձեռնությամբ։ Այսինքն` ոչ թե լայնանում է արտաքին կապերի շրջանակը, այլ նեղանում է․ նոր գործընկերներ մենք դե ֆակտո չունենք։ Ոչ էական լայնացում կա արևմտյան ուղղությամբ, բայց դա էլ հիմնականում փիառի մակարդակով է»։



