Բաժիններ՝

Վերանորոգման ի՞նչ աշխատանքներ են կատարվում «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն»-ի շենքում

2022 թվականից Երևանում մշակութային մի շարք  օջախների վերանորոգման ծրագիրը մեկնարկեց և, ինչպես նշվում էր ծրագրում, խնդիրներից մեկը հուշարձանների վերականգնումն է, հուշարձան-շենքերի պահպանումը: Թանգարանները, թատրոնները, կամուրջները ևս ընդգրկված էին այդ ծրագրում:

168.am-ը փորձեց պարզել,  թե ծրագրով նախատեսած աշխատանքներն ի՞նչ փուլում են ու նաև՝ ո՞ր կառույցներն են ընդգրկված ծրագրում։    Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության ժամանակավոր պաշտոնակատար  Խորեն Գրիգորյանը մեր հարցերին ի պատասխան՝ հայտնեց, որ այս պահին վերանորոգվում է «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն»-ի շենքը, պլաններ ունեն՝ կապված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորության հետ, ամրացվելու են նաև Հաղթանակի, Կիևյան  կամուրջները, որոնք ևս հուշարձաններ են։ Բարեկարգելու է նաև Ալ. Սպենդիարյանի թանգարանի շենքի հարակից այգին, կատարվելու են Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի բակի լուսավորության, ոռոգման համակարգի և այգու բարեկարգման աշխատանքներ և այլն:

«Ամբողջությամբ վերանորոգվելու է նաև Պատանի հանդիսատեսի թատրոնը՝ սեյսմիկ ամրացմամբ: Ցավոք, երկար տարիներ հատուկ վերաբերմունք քաղաքի հուշարձաններին չի դարձվել: Վերջերս Հանրապետության հրապարակի մետրոյի կայանի վերին շինության կառույցի վրայից ապամոնտաժվել է մեծ էկրանը: Որոշել ենք ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ աշխատել, որպեսզի հուշարձան-շենքերի հարկայնությունը բարձրացնելու կամ քաղաքաշինական այլ փոփոխություններ անելիս նույն մոտեցումն ունենանք, ավելի ստույգ՝ փոփոխություն չլինի  հուշարձանի պահպանությունից, վերանորոգումից բացի»,- նշեց Խորեն Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Հարցին,  թե կոնկրետ վերանորոգման ի՞նչ աշխատանքներ են կատարվում «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն»-ի շենքում, մեր զրուցակիցը  պատասխանեց.

«Թատրոնի շենքը մշակութային հուշարձան է, 100 տարուց ավելի է, շենքը կանգուն է, այս փուլում իրականացնում ենք սեյսմիկ ամրացման, տանիքի վերանորոգման աշխատանքներ, բայց ունենք արտաքին ֆասադային պատերի քարերի թուլացած վիճակ, որոնց ևս պետք է անդրադառնանք, բայց այս ծրագրով չենք կարող անել: Ուղիղ մեկ տարի է, շինարարություն է իրականացվում այդ տարածքում, որոշակի ընդհատումներ տեղի ունեցան, դրա համար աշխատանքները երկարաձգվեցին: Այս պահին ավարտման փուլում են աշխատանքները: Ջեռուցման համակարգի, պատուհանների, տանիքի հետ կապված աշխատանքներն արդեն ավարտված են: Բացի այդ, ակուստիկան արդիականացվում է, թատրոնը նորովի է ներկայանալու քաղաքացիներին»,- մանրամասնեց Խորեն Գրիգորյանը:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմքով կամ չափանիշներով են  ընտրում, թե որ շինությունը կամ հուշարձանը պետք է վերանորոգեն։  Մեր զրուցակցի փոխանցմամբ՝  ընտրել են ամենաշատ խնդիրներ ունեցող այն օջախները, որոնց հիմքերի սեյմիկ ամրացման աշխատանքներ կատարելն է  գլխավորը։

«Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժից հետո զարկ ենք տվել սեյմիկ ամրացման ծրագրերին, որը ներառելու է նաև բոլոր մանկապարտեզները, դպրոցները: Պետք է այս և հասարակական այլ շինություններն ունենան արդի քաղաքաշինության նորմերին համապատասխան սեյսմիկ ամրացում՝ բարձր բալային երկրաշարժերի ժամանակ քիչ վթարայնություն ունենալու համար»,- եզրափակեց Խորեն Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս