«Կարող է խիստ հնչել, բայց Աստծո օգնությամբ ազատագրված մեր Արցախը մենք տարանք կործանման». Տեր Վաչագան քահանա Գյուրջյան
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման երիտասարդ նախաձեռնողներն իրականացրեցին հանրահավաք, որին մասնակցում էին Արցախի նախկին ու ներկա նախագահները, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո Արցախի թեմի հոգևոր սպասավոր տեր Վաչագան քահանա Գյուրջյանն ասաց, որ տարիներ շարունակ մայիսյան հաղթանակների տոնը բոլորի համար եղել է միասնության ուժի աղբյուր։
«Իհարկե, այսօր մենք չենք կարող ինքներս մեզ խաբելով՝ նույն ոգևորությամբ տոնել ու ուրախանալ, բայց չենք կարող նաև անտեսել ու մոռանալ այն պարզ պատճառով, որ ներկայի որևէ անհաջողություն չի կարող արժեզրկել անցյալում եղած սխրանքները, սերն ու նվիրումը։ Ուստի այդ տոները դադարել են մեզ համար ուրախության աղբյուր լինել, բայց չեն դադարել ուժի աղբյուր լինել»,- նշեց քահանան։
Նրա խոսքով՝ ցավոք, պատմությունն ունի անցանկալի մի հատկություն, կրկնվելու բնույթ, և պարտված չարիքը երբեմն գլուխ է բարձրացնում, քանի որ արցախահայությունը նորից բախվեց ատելության ու դրա վայրենի դրսևորման՝ արցախյան 44-օրյա պատերազմի հետ, երբ թշնամին հաճույք էր ստանում անօգնական գերիներին խոշտանգելով, որովհետև նրանք իր ազգից չէին։
«Նացիզմի խայտառակ դրսևորում էր նաև Բաքվում բացված «հաղթանակի պուրակը»։
Մայիսի 9-ը Արցախյան շարժման անդրանիկ զավակի՝ Արցախի պաշտպանության բանակի ծննդյան օրն է, որը հերոսական ուղի անցնելով՝ հայ ժողովրդին նվիրեց հայրենի երկիր ունենալու վաղեմի երազանքը։ Վերջին ծանր փորձությունից հետո ՊԲ-ն վիրավոր է, բայց չի մահացել և ի զորու է անսպասելի հրաշքներ գործել։ Ի վերջո, արցախյան հերոսամարտի մատանու քարը եղավ Շուշիի ազատագրումը, որքան մեծ էր ուրախությունն այդ օրերին, նույնքան մեծ է ցավն այսօր։ Աստծո նախախնամությամբ օրվա ռազմական ու հոգևոր իշխանությունը որոշեցին Շուշիի ազատագրումը կազմակերպել Խաչի տոնին, այն համոզումով, որ խաչով պիտի հաղթեն։ Մեր զինվորները և զինտեխնիկան զարդարվեցին խաչով և հայոց բերդաքաղաքի ազատագրումը վերածեցին լեռներում կատարվող մի մեծ հարսանիքի։ Կարող է խիստ հնչել, բայց Աստծո օգնությամբ ազատագրված մեր Արցախը մենք տարանք կործանման, բայց ոչինչ, անհետ կորած չէ, և փրկություն միշտ էլ կա»,- հավելեց տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, վստահեցնելով, որ հաղթանակը կլինի միայն հույսով, հավատով և սիրով։