Քաղաքապետարանը թող այգիներում բետոնի ու ասֆալտի տոկոսը քչացնի, շատ է. Քաղաքաշինության դոկտոր
«Ցանկապատները վերացնում ենք քաղաքում՝ ստեղծելով կանաչապատ գոտի, խաղահրապարակ»,- այս մասին Նորք Նորքում բնակիչների հետ զրույցում ասել էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Շուրջ 330 մետր երկարություն ունեցող բակը կվերածվի հանգստի գոտու, իսկ մեքենաների մուտքն արգելված կլինի:
Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ սա հարցի լուծում չէ, քանի որ Քաղաքապետարանը մշտապես չի կարող հետևել բակերի վիճակին:
«Հայաստանում երկու կյանք կա՝ բակային և հասարակական, երբ գնում են թատրոն, կինո, ռեստորան: Բայց այսկերպ բակային կյանքը «վարի» ես տալիս: Ասում են՝ աղբանոց է, սակայն ուրիշ ձև կարելի է կարգի բերել: Օրինակ, Վիետնամում մեծ ու «անտեր» բակեր կան, որոնք ևս զավթած են, բայց ժամեր կան, որ ով փակել է՝ բացում է այդ հատվածը, ու ցանկացած ոք կարողանում է տվյալ ընտանիքին պատկանող բակից օգտվել:
Այսինքն, բակի բարեկարգումը թողել են այն զավթած մարդու ուսերին, ու նա դա որոշ ժամերի պետք է բացի բոլորի համար: Կարծում եմ, դա ճիշտ մոտեցում է, որովհետև քաղաքապետարանը կարող է այս տարի այն բարեկարգել, հաջորդ տարի՝ ոչ: Այսօրվա դրությամբ իրենք կենտրոնական այգիները չեն կարողանում միշտ բարեկարգ պահել: Լավագույն դեպքում կարող է կապ ստեղծել կանաչ տարածքների միջև, երբ այլ հատվածում գտնվող հուշարձանների մոտով դուրս կգան տվյալ կանաչ հատված: Քաղաքապետարանը թող այգիներում բետոնի ու ասֆալտի տոկոսը քչացնի, շատ է»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ, օրինակ, Չինաստանում մեծ տարածքներն արհեստական ձևով փոքրացրել են:
«Շատ անգամ ավտոտնակների վերևը երեխաների համար խաղալու տեղ են սարքել: Այսինքն, պետք չէ՝ ավտոտնակը հանես, որ խաղահրապարակ լինի: Իսկ մեզ մոտ ոնց որ էլի գնանք Սովետ՝ անանուն տարածքներ, որոնք ոչ ոքի պետք չեն:
ԽՍՀՄ տարիներին արգելում էին փոքր բակերը: Ի դեպ, մութ ու ցուրտ տարիներին մարդիկ հենց այդ բակերում տարբեր բաներ էին աճեցնում, հավ էին պահում ու ուտում էին»,- եզրափակեց մեր զրուցակիցը: