«Հայաստանի և Արցախի ղեկավարներն իրենց թագավորներ են կարգել և որոշել են, որ մենք պետք է յաթաղանի տակով անցնենք». Մետաքսե Հակոբյան

«Հայաստանի և Արցախի իշխանությունները հերթական հանձնումն անելով, թշնամու բոլոր պահանջները կատարելով, հերթական ոչինչ չմնացածը զիջելով, հիմա պետք է հերոսաբար հայտարարեն, որ իրենց ջանքերի շնորհիվ բացվեց ճանապարհը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի կեղծ բնապահպանների երեկվա հայտարարությանը՝ 18:00-ից Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան դադարեցնելու մասին:

«Իշխանություններն այսօր փշուր-փշուր են անում ու ոչնչացնում տասնամյակների արդյունքում ստեղծածը՝ սուբյեկտայնությունը, պետությունը և անգամ աչք չեն թարթում, հզոր հայից դարձրել են կարծես՝ խղճուկ, պարտվողի կերպարում գտնվող մարդիկ:

Ակնհայտ է, որ ճանապարհի բացումը համատեղ սցենարի արդյունքում էր, որը շատ ակնհայտ էր: Այն ժամանակ դեռ, երբ հայկական կողմն արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը չներկայացավ, և Լավրովը հայտարարեց այս անցակետի մասին, բոլորը սկսեցին քարկոծել ռուսական կողմին՝ առանց խորանալու այն բանի մեջ, որ ի վերջո սա պայմանավորվածություն է, և ռուսական կողմը չի կարող սաստել 2 իրար հետ համաձայնվող կողմերին:

Ադրբեջանցի կեղծ բնապահպաններն ակցիան դադարեցրեցին, որովհետև կատարվեցին Ադրբեջանի 5 պահանջները, սկսած Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելուց՝ մինչև Հակարիի կամրջի մոտ անցակետ տեղադրելը:

Կարդացեք նաև

Մենք ավելի շուտ էինք սպասում, որ ճանապարհը կբացվեր, երբ այդ անցակետը տեղադրվեց, որովհետև գիտեինք, որ մնացածը բեմադրություն էր, ինչը խաղում են Արցախի իշխանությունները և բոլոր խնդիրները գցելով ռուս-ադրբեջանական երկկողմ հարթակ՝ ուզում էին ցույց տալ, որ ամեն դեպքում գործողություններ են ընթանում, բայց, իհարկե, բոլորս գիտենք, որ ադրբեջանական կողմն ինչ քայլ որ արել է, հետդարձ չի եղել, դա լինի Արցախում թե Հայաստանում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:

Հարցին՝ ադրբեջանցի կեղծ բնապահպանների հեռանալուց հետո ինչպե՞ս է իրականացվելու քաղաքացիների տեղաշարժը, արդյոք Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետում նրանց ստուգելո՞ւ են, թե՞ ոչ, Արցախի իշխանություններից փսրձե՞լ եք այս հարցերի պատասխանը ստանալ, արցախցի պատգամավորը պատասխանեց, որ 2 օր առաջ Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստ էր, որին, սակայն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չի մասնակցել.

«Նախագահը հարկ չհամարեց ներկա լինել նիստին, այն դեպքում, երբ մենք ընդամենը 2 ամիսը 1 հնարավորություն ունենք Ազգային ժողովում իրեն հարցեր ուղղել:

Բնականաբար, շատ լավ հասկանալի էր, թե ինչու ինքը չեկավ, որովհետև այն հարցերին, որոնք գոնե մենք պետք է տայինք, ինքը հաստատ չէր կարողանալու պատասխանել, իսկ դա լինելու էր հանրային»:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ նույն նիստին ներկա են եղել Արցախի պետական նախարարը և կառավարության անդամները, և նրանցից է փորձել հանրությանը հուզող հարցերի պատասխանը ստանալ

«Բազմիցս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած գործընթաց, որը կայանում է կամ պետք է կայանա, առանց Արցախի իշխանությունների իմացության չի լինում, որ առանց Արցախի իշխանություններին տեղեկացնելու որևէ գործընթաց չի կարող լինել, և ես հարց ուղղեցի պետնախախարին, թե արդյոք ինքը տեղյա՞կ է այն կոնկրետ քայլերից և բանակցային գործընթացներից, որոնք տեղի են ունենում Արցախի շուրջ, սակայն պետնախարարը հավաստիացրեց, որ որևէ գործընթացից ինքը տեղեկություն չունի, թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, ասաց, որ իրենք ընդհանրապես որևէ առնչություն չունեն, բացառությամբ, որ երբեմն կապ են պահում, օրինակ՝ իրավապահ մարմինների հետ:

ԱԳՆ ներկայացուցիչը ևս Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ իրենք ևս տեղեկացված չեն, իրենց հետ ևս որևէ հարց չի քննարկվում, առավելևս՝ չի տեղեկացվում:

Ազգային ժողովի նախագահն ասաց, որ նույն իրավիճակն է նաև Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահների հարաբերություններում:

Քանի որ ԱՀ նախագահը ոչ հաստատել, ոչ հերքել է Փաշինյանի այդ հայտարարությունները, ուստի մեզ մնում է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, և, որ դա 2 անձանց հարաբերություններ են, իրենք միապետեր են, իրենք իրենց թագավորներ են կարգել, որոնք կարող են որոշել մի ողջ հայության ճակատագիր և ըստ էության 2 անձով որոշում են՝ մենք պիտի անցնե՞նք թշնամական դրոշի կողքով, յաթաղանի տակով, թե՞ պետք է ապրենք՝ որպես ազատ ու անկախ պետություն: Իրենք ընտրել են, որ մենք պետք է անցնենք յաթաղանի տակով, սա է ամբողջ իրականությունը»:

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ օրերս հանդիպում և քննարկում են ունեցել արցախցի երիտասարդների հետ, որոնք երեկվանից ստորագրահավաք են իրականացնում՝ Արցախը հայկական պահելու, Արցախի սուբյեկտայնությունը չկորցնելու համար.

«Նախաձեռնությունը երիտասարդներինն էր, և իշխանությունը չի կարող հաշվի չնստել դրա հետ, հակառակ դեպքում, վստահ եմ, որ հենց այս նույն հանրությունը կազատվի այս իշխանությունից: Քննարկումների արդյունքում հանրությունը բաժանված էր 2 մասի, մի մասն ասում է, որ չպետք է անցնել այդ ճանապարհով, ադրբեջանական ցուցանակի և դրոշների մոտով, պետք է հայտարարել, որ չենք ընդունում Ադրբեջանի այդ պահանջները, քանզի դրանք եռակողմ հայտարարության չեղարկումն է հենց Ադրբեջանի կողմից, հետևաբար՝ Արցախը մնացել է շրջափակման մեջ:

Մյուս մասն այլ կարծիք ունի, որ պետք է ցանկացած իրավիճակում ոչ թե կոտրվել կամ իրենց օրակարգի մեջ կատարել քայլերը, այլ նման իրավիճակում պետք է օգտագործել այդ ճանապարհը, բայց շարունակել պայքարը, և այն ոչ թե բառերով լինի, այլ հստակ գործողություններով:

Այս իրավիճակում պայքարը ոչ մի կերպ չի դադարելու, ուղղակի պայքարը հիմա 2 ուղղությամբ պետք է լինի՝ իշխանություններից ազատվելու, զուգահեռաբար՝ նաև այդ իշխանությունների օրակարգից դուրս գալու և սեփական օրակարգն առաջ բերելու ուղղությմաբ:

Այդ ստորագրահավաքն արտահայտելու է Արցախի ժողովրդի պատրաստակամությունը, թե ինչ քայլեր են արվելու այդ պայքարի ընթացքում, և ինչ գործողությունների հերթականություն է լինելու: Ես վստահ եմ, որ մոտ օրերս ստորագրահավաքի արդյունքում արդեն իսկ կարտահայտվի Արցախի ժողովրդի կամքը և գործողությունների հերթականությունը, որին կհետևեն գործողություններ»,- փոխանցեց մեզ հետ զրույցում ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս