Բրյուսովի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդն առավելագույնը 6 ամիս կարող է գործել. Ցոլակ Ակոպյան
Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նշանակմանը դեմ էին և՛ որոշ ուսանողներ, և՛ դասախոսներ:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը դիմել էր դատարան և 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր հայցի ապահովումը վարույթ չի ընդունվել, ուստի բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
«Կանոնադրության մեջ գրված է, որ ռեկտորի պարտականությունները կատարում է ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորը՝ մինչև նոր ռեկտորի մրցույթի անցկացումն ու հաստատումը: Այդ հիմքով եմ դիմել դատարան. խախտվել է բուհի կանոնադրությունը»,- մանրամասնեց Ցոլակ Ակոպյանը:
Եվ, քանի որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հոգաբարձուների նախկին խորհուրդը լուծարվելուց միայն երեք ամիս անց ձևավորվեց հոգաբարձուների նոր խորհուրդը, Ցոլակ Ակոպյանի դիտարկմամբ՝ այն 6 ամիս կարող է գործել:
«Ժամանակավոր խորհուրդն առավելագույնը 6 ամիս կարող է գործել, այսինքն, մինչև սեպտեմբերի 9-ը: Իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այնքան ժամանակ կմնա, քանի դեռ չկա դատարանի վճիռ նախորդ մրցույթի մասով»,- նշեց Բյուսովի պրոռեկտորը:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Համալսարանականները, սակայն, համաձայն չեն այս հրամանի հետ: Նրանց կարծիքով, հոգաբարձուների նախկին խորհուրդն ապօրինի է լուծարվել, քանի որ խորհրդի նախագահի անունով չեն գրվել դիմումները: Հոգաբարձուների խորհրդում էլ չեն քննարկվել այդ դիմումները: Իսկ այս ամենը հակասում է «Հիմնադրամների մասին» օրենքին: