«Երբեք չեմ փոշմանի, որ նման բան եմ արել, փոշմանելու որևէ բան չունեմ». Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին

Ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք կատարած այցի ընթացքում Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին է մոտեցել 47-ամյա մի կին։

Ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած պաշտոնական հաղորդագրության՝ կինն իր մոտ եղած անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։

«Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։

Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Կարդացեք նաև

Այդ միջադեպից ժամեր անց պարզվեց, որ կինը Քաշաթաղից բռնի տեղահանված 47-ամյա Նարինե Ասատրյանն է, բազմազավակ մայր։

Ապրիլի 14-ին Նարինե Ասատրյանին առաջադրվել է մեղադրանք՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։

Տևական ժամանակ Նարինե Ասատրյանը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, ինչը նրա ամուսինը բացատրեց այն հանգամանքով, որ հանրային պաշտպանը հորդորել է շատ չխոսել, իրենք էլ որոշել են լրատվամիջոցների հետ չխոսել։

Այսօր 168.amհետ զրույցում Նարինե Ասատրյանն ասաց, որ իրեն ոստիկանություն տանելուց և բաց թողնելուց հետո կրկին կանչել են, հարցեր տվել։

«Ինձ կանչել են, մի երկու բան են ճշտել, իմ անձնագրի, երեխաներիս ծննդականների պատճեններն եմ տարել։ Առայժմ այդքանը, ինձ ոստիկանությունից որևէ բան չեն ասել։

Կարճ կասեմ՝ իհարկե, ես չեմ փոշմանել, ոչ մի դեպքում չեմ փոշմանել, ավելին՝ երբեք չեմ փոշմանի, որ նման բան եմ արել, փոշմանելու որևէ բան չունեմ»,- վրդովված ասաց տիկին Նարինեն և հեռախոսն անջատեց։

Մեր զրույցից հետո զանգահարեց Նարինե Ասատրյանի ամուսինը և ասաց, որ կինն այլևս չի ուզում խոսել։

Նշենք, որ Նարինե Ասատրյանը 44-օրյա պատերազմից հետո երեխաների հետ եկել էր Հայաստան: Պատերազմից հետո վերադարձել էր Արցախ՝ Քաշաթաղում մշտական իր տանն ապրելու նպատակով, սակայն 2022 թվականի օգոստոսին, երբ Հայաստանի իշխանությունները հանձնեցին Բերձորը, Նարինե Ասատրյանի ընտանիքը պարտադրված տեղահանվեց և տեղափոխվեց Հայաստանի տարածքում գտնվող Մալիշկա բնակավայր։ Նա Բերձորի վերջին բնակիչներից է եղել, որ թողել է իր տունը։

Տեսանյութեր

Լրահոս